Մայրաքաղաքի երեք պոլիկլինիկայում ներդրվող էլեկտրոնային ընդունարանները բնակիչներին կազատեն հերթերից |armenpress.am|
06:21 - 01 օգոստոսի, 2019

Մայրաքաղաքի երեք պոլիկլինիկայում ներդրվող էլեկտրոնային ընդունարանները բնակիչներին կազատեն հերթերից |armenpress.am|

armenpress.am:  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում հերթերի խնդիրը կարգավորելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը համագործակցում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝ առայժմ մայրաքաղաքի երեք պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարաններ ներդնելու ուղղությամբ:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը նշեց, որ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային եղանակով հերթագրման, վերջիններիս բժիշկների մոտ ուղեգրման» փորձարարական ծրագրի շրջանակում ներկայումս էլեկտրոնային ընդունարանների ներդրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի երեք՝ թիվ 1, թիվ 11 («Նոր Արաբկիր» առողջության կենտրոն ) և թիվ 17 պոլիկլինիկաներում:

«Էլեկտրոնային ընդունարանը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի գործիքներից է, որի ներդրումը քաղաքացիների համար առաջին հերթին օգտակար է նրանց հերթերից ձերբազատելու առումով: Այսինքն, կոնկրետ պոլիկլինիկային կցագրված քաղաքացին հնարավորություն կունենա, զանգահարելով կամ այցելելով բուժհաստատություն, նախապես այց գրանցել, պոլիկլինիկայի ընդունարանում ադմինիստրատորը այն կընդունի կամ կառաջարկի այլ տարբերակ:

Այսինքն՝ մի կողմից բնակչի համար ապահովվում է արագ սպասարկում, մյուս կողմից՝ բուժհաստատությունը կարողանում է ավելի արդյունավետ կառավարել իր մարդկային և նյութական ռեսուրսները: Մյուս առավելությունն այն է, որ պոլիկլինիկայի ղեկավարության և հիմնադրի համար շարժը դառնում է թափանցիկ»,-համակարգի ներդրման առավելություններն է ներկայացնում Ավետ Մանուկյանը:

Էլեկտրոնային ընդունարանի ներդրումը նա համարում է կարևոր քայլ նաև էլեկտրոնային առողջապահության համակարգին անցնելու տեսանկյունից, երբ քաղաքացին կկարողանա այց գրանցել արդեն միանգամից առցանց եղանակով՝ հենց տնից և մի շարք ծառայություններից օգտվել էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչպես եվրոպական մի շարք երկրներում:

Պոլիկլինիկաների համապատասխան մասնագետներն արդեն իսկ ներգրավված են Առողջապահության նախարարության և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվող դասընթացներում, որի ընթացքում ծանոթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվելու կանոններին: Հաստատություններն ապահովված են նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով:

Երեք պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարանների ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի պրակտիկ կիրառությունը:

Հաջողության դեպքում համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մյուս պոլիկլինիկաներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել