Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը
17:36 - 27 փետրվարի, 2020

Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարթակի ստեղծման շուրջ ինտենսիվ աշխատանքները սկսվել են 2019թ-ից: Հարթակի ստեղծումը հիմնվել է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու պարտավորությունների վրա՝ որպես բարձր հարթակ փորձարկելու ժողովրդավարական կառավարման նորարական մոտեցումն անվտանգության ոլորտում: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում բացահայտ խոսել զինված ուժերում մեր ունեցած խնդիրների մասին եւ տարատեսակ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ փորձում ենք արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Նա նշել է, որ հարթակի հետաքրքրության հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի/ բռնության կիրառման նկատմամբ վերահսկողությունը, տեղեկատվության մատչելիությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտի ներսում ներքին վերահսկողության մեխանիզմները, պայքարը կոռուպցիայի դեմ արդարադատության մատչելիությունը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հարթակը, համախմբելով քաղաքացիական հասարակությանը, խորհրդարանականներին եւ անվտանգության ոլորտում հանրային ծառայություն մատուցողներին մի սեղանի շուրջ, նպաստելու է ինչպես քաղաքացիական, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով համապարփակ եւ պահանջված բարեփոխումների իրականացում անվտանգության ոլորտում:

Նշվել է, որ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերը կքննարկվեն խորհրդարանում՝ լսումների, հարցապնդումների եւ օրենսդրական նոր կարգավորումների տեսքով: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հարթակի հետեւողական քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները կբերեն երկար սպասված արդյունքի՝ այն է համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդում, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ:

«Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հանդիսանում է մեր անվտանգության անքակտելի մասը»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը, դրա զարգացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներն են: Զեկուցողի խոսքով՝ համատեղելով օրենսդրի, քաղհասարակության եւ գործադիրի ներուժը՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ ապահովել՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ կառույցների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ կարողությունները:

«Մեր կառույցը պատրաստ է նպաստելու բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան: Ողջունելով հարթակի ստեղծման գաղափարը՝ նա այն համարել է նորարարական եւ խոստումնալից: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընթացող գործընթացում:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանի՝ պետական մարմինների եւ քաղհասարակության բարձր ներգրավվածությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում, որ հարթակը կնպաստի անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի արդյունավետ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը խոսել է ժողովրդավարական վերահսկողության հարթակի նպատակների ու առաջնահերթությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նոր բարեփոխումների օրակարգը:

ԱԺ պատգամավորները, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներն ողջունել են նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթը հարթակի ստեղծումը համարել է պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել