Մի՞թե Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը․ Նիկոլ Փաշինյան
11:22 - 11 ապրիլի, 2019

Մի՞թե Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ի դերին ԼՂ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում․

«ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար:

Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթեր­ցում­ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:

Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայ­նորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտ­պանության համաշխարհային առաջա­մարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը:

Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպու­թյուններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:

Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապն­դելու մարդու իրավունքները, օրենքի գերա­կայու­թյունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել