tert.am: Միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ, մեծ հաշվով, որևիցե խնդիր չեմ տեսնում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոյի՝ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացների մասին արված հայտարարությանը:
«Ես կարծում եմ, որ ընդհանուր միջազգային կառույցների արձագանքի տեսանկյունից այդ հայտարարությունը պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ նայել, և ես միջազգային կառույցների կողմից արված հայտարարությունների մեջ լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, այդտեղ մենք որևէ հարցում հետընթաց չենք ունենալու, և ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը: Ես համոզված եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում, մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին»,-ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ աշխատելու են նաև միջազգային հանրության հետ:
comment.count (0)