Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար |hetq.am|
09:28 - 17 հուլիսի, 2019

Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում։

Քննարկմանը ներկա են բնապահպաններ, ԱԺ պատգամավորներ, գիտնականներ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, փորձեց գտնել հրավիրված երկու նախարարներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Ներկաների մեջ չգտնելով նրանց՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ հենց այսօր դիմելու է վարչապետին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու նախարարները չեն եկել քննարկմանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն իր զեկույցով ներկայացրեց Սևանա լճի ծաղկման հիմնական պատճառները և դրանց լուծման ուղիները։

«Լիճը բավականանին ծանր վիճակում է, փրկության համար հսկայական աշխատանքներ պետք է կազմակերպենք։ Որո՞նք են այսօրվա վիճակի պատճառները, տարածաշրջանի բնակավայրերը կոյուղացված չեն։ Գավառ քաղաքը 47 տոկոսով է կոյուղացված, Մարտունին՝ 45 տոկոսով, Վարդենիսը՝ 20 տոկոսով։ Մենք առաջին աստիճանի մաքրման կայաններ դրել ենք, բայց դրանք ավելի շատ աղտոտում են, քան մաքրում են։ Քանի որ նաև մենք չունենք աղբահանության կազմակերպված համակարգ, այն 240 տոննա արտադրանքը, որը հավաքվում է մաքրման ժամանակ, պիտի տեղափոխվի մի տեղ, իսկ միակ տեղը աղբավայրերն են, դրանք էլ գիտեք՝ ինչ վիճակում են։ Շուտով կսկսվի Հրազդանի աղբավայրի շահագործումը, և ամբողջ Գեղարքունիքի աղբավայրը կտեղափոխեն այնտեղ»,-ասաց Ջավադյանը։

ԳԱԱ գիտնականի խոսքով՝ լճի աղտոտման մյուս պատճառն այն է, որ «ինչ ասես լցնում են լիճը»։ Օրինակ՝ լվացքի (ավտոմատ) փոշու մեջ 55 տոկոս ազոտ պարունակող նյութեր կան, իսկ սովորական փոշիների մեջ` 30 տոկոս:

«Էս բոլորը առափնյա 2400 օբյեկտներից, որից մշտական 300-ը գործում են՝ հանգստի գոտիներ, սննդի կետեր, տարբեր օբյեկտներից բոլոր աղտոտությունները լցվում են Սևանա լիճ»,-ասաց նա։

Ջավադյանի խոսքով՝ մյուս պատճառն այն է, որ շուրջ 700 հեկտար ծառեր են կտրվել, իսկ դրանց կոճղերը մնացել են ջրի տակ։

«Փառք աստծո այս տարի կարողացել ենք Արփա-Սևան թունելով ջուր բերել լիճ՝ 15 միլիոնով ավելի, քան նախորդ տարի, և շարունակելու ենք մինչև վերջին կաթիլը տեղափոխել լիճ, դա հնարավորություն է տվել, որ հորիզոնը շուրջ երկու ամիս մնացել է նույնը»,-ասաց նա։

Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Սևանա լճի առկա բոլոր խնդիրների մասին զեկուցվել է վարչապետին։

«Անձամբ ես եմ գնացել զեկուցել, ինչից հետո հանձնարականներ են տրվել, դրանց հիման վրա աշխատանքներ ենք սկսել երկու նախարարությունների հետ, լուրջ միջոցառումներ ենք մշակել։ 300 մշտական գործող օբյեկտներից 10-ի վրա տեղադրել ենք փորձնական նմուշներ, այդ սարքերով ջուրը միկրոբներով մաքրում են, և դրանց վրա որևէ ծաղկում չի նկատվել»,-ասաց նա։

Ջավադյանի խոսքով՝ առաջարկել են ջրի երկու տեսակի մաքրման կայաններ տեղադրել, որոնք կարողանում են բիոլոգիական մաքրում կատարել։ Ըստ Ջավադյանի՝ այդ սարքերը մատչելի են, և օրինակ՝ 22 մշտական հախաճորդ ունեցող ռեստորանի համար այն լիզինգով ձեռք բերելը և յոթ տարվա ընթացքում գումարը վճարելը ամսական կկազմի 40 հազար դրամ։

«Մյուս սարքը, որը միկրոբներով մաքրում է կատարում, այդ սարքն արժե 100 միլիոն դրամ։ Էս միջոցառումները արդեն սկսվել են նախարարության կողմից, մեծ միջոցառում է ձեռնարկվում կոճղերը հանելու։ Այս միջոցառումներն անելուց հետո 3-4 դոնոր նոր ջրամբարներ ենք նախատեսում կառուցել երկու-երկուսուկես տարվա մեջ, դա բերենք լցնենք Սևանա լիճ՝ թունելով ու Հրազդան գետով, որպեսզի նախ մաքուր շատ ջուր ունենանք, և հետո ջրափոխության ժամանակ ջրանկման նշույլ չլինի»,-ասաց Ջավադյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել