Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր |lragir.am|
07:10 - 21 ապրիլի, 2019

Նախարար Սուրեն Պապիկյանն ու մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» ընկերության արտադրամասեր |lragir.am|

lragir.am:  Աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։

Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։

Նախարարին և մարզպետներին ներկայացվել է, որ «Լամաքս» ընկերությունը գործում է 2010թ․-ից։ Արտադրում են 8 տեսակի կաթնամթերք, 15-ից ավելի տեսակի մսամթերք և իրացնում Սյունիքի մարզում ու մայրաքաղաք Երևանում: 

Շրջայցի առաջին կանգառը եղել է «Պորկպրոդ» ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերման, որտեղ նախարարին ներկայացվել է, որ ֆերման գործում է արդեն 4․5 տարի և ապահովում տոհմական խոզի մսի արտադրություն՝ առանց գենետիկական խախտումների: Վերջերս կրկնակի մեծացրել են արտադրության ծավալները:

Այնուհետև նախարարն ու մարզպետները այցելել են «Մարիլա» և «Վամաքս» ՍՊԸ-երի արտադրամասեր։ 

«Մարիլա» կաթնամթերքի գործարանում նախարարը ծանոթացել է կաթի վերամշակման գործընթացին, եղել կաթի փորձաքննությունների համար նախատեսված լաբորատորիայում։ Նախարարին տեղեկացվել է, որ կաթնամթերքի շուկայում բարձր պահանջարկով պայմանավորված «Մարիլա» ընկերությունն այժմ փորձում է ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին ։

Շրջայցի ավարտին նախարարը իր գոհունակությունն է հայտնել ընկերության հաջողված արտադրական գործունեության և գյուղատնտեսության զարգացմանը խթանող օրինակելի փորձ փոխանցելու կապակցությամբ։

«Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր տնտեսվարողի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ ընկերության արտադրանքը առաջիկայում կկրկնապատակվի և կկարողանա իրացվել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան նոր շուկաներում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել