Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց |lragir.am|
08:30 - 06 փետրվարի, 2020

Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց |lragir.am|

lragir.am: Կառավարության այսօրվա նիստում սպանդանոցների վերաբերյալ որոշում հաստատվեց: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում: «Մենք առաջարկել ենք փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն: Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքնենաների համար ֆինանսավորում, երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:

Այսինքն՝ մենք այս երեք փոփոխությունները կատարելով, հիշում ենք նաև, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: Դրանցից առաջինը՝ եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորան գործիք նույնպես»,- ասաց նախարարը:

Ըստ Խաչատրյանի՝ այս աջակցության գործիքների միջոցով մեծամասամբ ծածկվում է այն անհրաժեշտությունը, որը կազմակերպությունները կարող են ունենալ՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար:

«Նաև կողմնորոշիչ քարտեզ ենք փորձել ձևավորել, թե Հայաստանում որտեղ կարող են հաջորդ վեց ամիսների ընթացքում առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Հանրապետությունում ներկայում կառուցված են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը կարելի է ասել՝ ներտնտեսային նպատակով գործողներ են: Խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց: Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց: Եվ երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, 24-ը կառուցման ընթացքում են արդեն, և այդ 24-ից 12-ն արդեն համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Այսինքն՝ կան ևս 24 կետեր, եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են»,- հավելեց նախարարը:

Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ երբ ունենալու ենք շարժական սպանդանոցներ, ապա դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը մեղմացնում են, ասաց նա: Ըստ նախարարի՝ դա չի նշանակում, որ ֆինանսավորումը սահմանափակվելու է հենց այդքան նախաձեռնությունների համար: «Ֆինանսավորելու ենք այնքան, որքան դրա կարիքը կլինի և որքան մասնավոր հատվածում գործող կազմակերպությունները կգտնեն, որ իրենք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սպանդանոց կառուցելու պայմանն այն է, որ այդ կառույցը լինի Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից և կառավարության կոսղմից հաստատված կանոններին համապատասխան:

Անձը այս ծրագրերից օգտվելու համար նախ պետք է դիմի Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ ներակյացնելով հողի սեփականության վկայականը, հետո պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտ ներկայացնելով, որ ուզում է օգտվել ծրագրերից: Նախարարությունը տալու է վարկային բաղադրիչից օգտվելու թույլտվություն, ինչը նշանակում է, որ երբ սկսվի ֆինանսավորումը, կառավարությունը 11 տոկոս տոկոսադրույքով վարկի 7 տոկոսը սուբսիդավորելու է: Եթե անձն ունի բոլոր փաստաթղթերը և իր վարկունակությունը բավարար է, ոչ մի խնդիր չի լինի վարկավորման համար: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ այդ նպատակով 2 մլրդ դրամ գումար կան նախատեսված, խնդիր չի լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել