Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ |armenpress.am|
10:57 - 16 մայիսի, 2019

Շիրակ մարզի ներդրումային ֆորումին նախատեսվում է ներկայացնել գաղափարների ամբողջական փաթեթ |armenpress.am|

armenpress.am։ Գյումրիում հուլիսին նախատեսվում է իրականացնել ներդրումային ֆորում: Շիրակի մարզպետարանը հաջորդ շաբաթ արդեն կհայտարարի բիզնես գաղափարների ներկայացման հայտերի մասին: Նախատեսվում է ֆորումին ներկայացնել 100 գաղափար ներառող փաթեթ:

Փաթեթը ներկայացնելու համար կօգտագործվեն մարզի մասնագիտական ռեսուրսները: Մարզպետարանին ներկայացված գաղափարներից դուրս կբերվեն ամենահետաքրքիրները: Այս մասին մայիսի 15-ին մարզպետի գործունեության 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը, անդրադառնալով առկա խնդիրներին, նշեց, որ Շիրակում աղքատության և անօթևանության մարտահրավերների հաղթահարումն է այսօր գերխնդիր:

«Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Պետությունն այսօր կամք ունի այս հարցին մոտենալու, բայց նախ պետք է այդ ծավալները հասկանանք:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնախումբը միտված է հավաքագրել ողջ անհրաժեշտ ինֆորմացիան և իրականացնել քարտեզագրում: 3 հազար 226 ընտանիքի խնդիր է այսօր, բայց խնդիրն ավելի խորն է. կան նաև ընտանիքներ, ովքեր տնակներում չեն, բայց չունեն օթևաններ՝ բնակվում են ծանոթ -հարազատների տանը կամ այլ կառույցներում»,-նշեց Տիգրան Պետրոսյանը:

Սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության հետ կապված մարզպետը նշեց, որ 49 սուբվենցիոն հայտ ներկայացվել է ՀՀ կառավարություն: Մարզի համայնքների կողմից ներկայացված հայտերի շրջանակներում ընդհանուր 1 մլրդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու: Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորության, վերականգնող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են կապված: 

Ավելին՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել