Չի կարելի թույլ տալ մոռացության մատնել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը
05:34 - 09 մայիսի, 2019

Չի կարելի թույլ տալ մոռացության մատնել Հայրենական մեծ պատերազմի հիշատակը

Մենք խոնարհում ենք մեր գլուխները հաղթողների սերնդի՝ մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առջեւ, ովքեր վճռորոշ ներդրում են ունեցել ֆաշիզմից եւ նացիզմից աշխարհը ազատագրելու, միլիոնավոր մարդկանց ազատություն նվիրելու մեջ։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում մայիսի 8-ին անցկացված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի 74-ամյա տարելիցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նրանց սխրանքը միշտ կմնա երախտապարտ սերունդների հիշողության մեջ։ «Այդ հաղթանակը նախկին Խորհրդային Միության եւ հակահիտլերյան կոալիցիայի երկրների բոլոր ժողովուրդների նվաճումն է։ Այն հնարավոր է դարձել մարտի դաշտերում սխրանքի ու թիկունքում անձնազոհ աշխատանքի շնորհիվ։ Մայիսի 9-ը մեր ընդհանուր հիշողության օրն է այն մասին՝ ինչպես են միասին պայքարել, միասին աշխատել եւ միասին գնացել դեպի հաղթանակ։ Սերնդեսերունդ մեր ընտանիքներում պահպանվում է մեր զոհված հերոսների հիշատակը»,- ասել է Մնացականյանը։

Նախարարն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ մոռացության մատնել պատերազմի մասին հիշողությունները, մոռանալ այն մասին, թե ինչն է հատկապես թույլ տվել Հաղթանակ տանել։

ՀՀ ԱԳ նախարարը վետերաններին եւ ընդունելության մասնակիցներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել