Պաշտոն ստանալու համար դիպլոմ է կեղծել. գործի նախաքննությունն ավարտվել է |tert.am|
08:32 - 16 մայիսի, 2019

Պաշտոն ստանալու համար դիպլոմ է կեղծել. գործի նախաքննությունն ավարտվել է |tert.am|

tert.am։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին կեղծ դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստաթուղթը կեղծելու եղանակը:
Մասնավորապես՝ չունենալով բարձրագույն կրթություն և տեղեկանալով, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը պատրաստվում է ազատվել զբաղեցրած պաշտոնից, իսկ հիշյալ պաշտոնում նշանակվելու համար պարտադիր պայման է հանդիսանում բնապահպանության կամ դրան առնչվող ոլորտներում բարձրագույն կրթության առկայությունը, 1968թ. ծնված տղամարդը մտադրվել է պատրաստել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նպատակ ունենալով զբաղեցնել այդ պաշտոնը:

Իր մտադրությունն իրագործելու համար 2019թ. փետրվարի 11-ին նա դիմում է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենին, ապա՝ ինքնակենսագրության և անձնական թերթիկի մեջ նշումներ կատարել՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սովորելու և ավարտելու մասին:

Այնուհետև այլ անձի՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993 թվականին «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ունենալու վերաբերյալ դիպլոմի պատճենում առկա տվյալները համակարգչային եղանակով ջնջելով, իր տվյալներն ավելացրել է ձեռագիր նշումներով և պատճենահանելով պատրաստել ու «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կադրերի բաժնի է ներկայացրել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ դիպլոմի պատճենը: Արդյունքում՝ դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել