Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը |news.am|
10:03 - 24 հոկտեմբերի, 2019

Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը |news.am|

news.am: Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով նշված տեղեկությունը, նշեց, որ, ցավոք, ORSIS-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց․ «Այն հայտարարությունը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, եւ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման»:

«Քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել, ինչ հանգուցալուծում եւ ինչ պաշտոնական դիքրորոշումներ կան: Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը եւ հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել եւ հասկանալ դրա մանրամասները»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում գրանցված «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարություն էր ներկայացրել ՊՆ կողմից մրցույթին ընկերության մասնակցության մերժման մասին: Փաստաբանի վարկածով՝ մերժումը պայմանավորված էր մտացածին պատճառով: Հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 376 հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ն հաստատել էր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը:

«Օրսիս Արմս» ընկերությունը ռուսական ORSIS-ի դուստր ընկերությունն է եւ Հայաստանում գրանցված է 2017 թվականից: Ընկերության համահիմնադիրներն են Գեւորգ Մանուկյանը եւ Արթուր Գալստյանը: Երկար ժամանակ «Օրսիս Արմս» ընկերությունը ԶՈՒ-ին մատակարարել է սպառազինություն եւ օպտիկական սարքեր: Սակայն հերթական մրցույթի ժամանակ ընկերությանը մերժվել է մասնակցել՝ մրցույթի պայմաններին անհամապատասխանության հիմնավորմամբ: Նշվում էր, որ ընկերությունը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:

Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի հետ զրույցում համանման հայտարարությունները հերքել էր՝ հավաստիացնելով, որ բոլոր փաստաթղթերը կարգին են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել