Պատգամավորները դատապարտեցին քաղհասարակության նկատմամբ թշնամանքի հրահրումը |epress.am|
12:22 - 08 հոկտեմբերի, 2019

Պատգամավորները դատապարտեցին քաղհասարակության նկատմամբ թշնամանքի հրահրումը |epress.am|

epress.am: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգային կետերից էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը։

Հարցի քննարկումը մեկնարկեց հիմնական զեկուցող՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանի խոսքով։

Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին [«Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի անձնակազմի նկատմամբ շարունական հետապնդումներին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գոծով դատավոր Աննա Դանիբեկյանի վրա հարձակմանը, մետալ խմբի համերգի չեղարկմանը, «Հայելի» ակումբի վրա՝ «պրո֊ադրբեջանական» վերնագրով նյութ հրապարակելու համար հարձակմանը], Կարապետյանը ընթերցեց մի խումբ պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը․

«Մենք՝ ներքոստորագրյալ պատգամավորներս, վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը Կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանդրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին, պատասխանատվություն կրելով Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետևանքով սկսված հանրային վերափոխման գործընթացների և բռնությունից զերծ հանրության ձևավորման համար, հաշվի առնելով, թե թվային տեխնոլոգիաների զարգացումը ինչպիսի ազդեցություն ունի մեդիայի, ինչպես նաև խոսքի ազատության իրացման հնարավորությունների վրա, գիտակցելով, որ հարկավոր են ամուր իրավական հիմքեր խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար, խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը։

Այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք անում լայն հանրությանը և հանրային առանձին դերակատարներին չսատարել և չարդարացնել նման գործողությունները։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է թե՛ Կարծիքի արտահայտման ազատությունը, թե՛ Հավաքների ազատությունը։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ սեփական կարծիք և այն ազատ արտահայտել, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել գաղափարներ և կազմակերպել ու մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքների։

Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Ատելության խոսքը արտահայտության տարբեր ձևերի միջոցով անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականության, ատելության, թշնամանքի և բռնության հրահրումը, հարուցումը, սադրումը, տարածումը և խրախուսումն է, ինչպես նաև նման երևույթների արդարացումն է Սահմանադրությամբ պաշտպանված հատկանիշներից մեկի հիմքով։
Սահմանդրությամբ պաշտպանված հատկանիշներն են սեռը, ռասան, մաշկի գույնը, էթնիկ կամ սոցիալական ծագումը, գենետիկական հատկանիշները, լեզուն, կրոնը, աշխարհայացքը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային վիճակը, ծնունդը, հաշմանդամությունը, տարիքը կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները։

Ատելության խոսքը արտահայտվում է նաև խարանի, վիրավորանքի, նսեմացման, բացասական կարծրատիպերի ստեղծման, հետամտման, հետապնդման, սպառնալիքի և ահաբեկման միջոցով։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այս պահին քրեականացված է միայն ազգային, ռասայական կամ կրոնական հիմքով թշնամանք հարուցելը և արժանապատվությունը նվաստացնելը, ինչպես նաև ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչերը, զանգվածային անկարգությունների ժամանակ բռնության կոչերը, ահաբեկչության կոչերը, վերջիններիս արդարացումն ու քարոզը։ Սակայն բացի սրանցից կան ատելության խոսքի այլ ծայրահեղ դրսևորումներ, որոնց մասին պետք է լինի հանրային լայն իրազեկվածություն և մերժում, իսկ դրանց որոշ տեսակների նկատմամբ նաև նոր օրենսդրական կարգավորումների միջոցով սանկցիա։

Այս տարվա օգոստոս ամսին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդեն իսկ քննարկման էր դրվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու օրինագիծը։ Հանձն ենք առնում կատարելագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության և այլոց իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև հավասարակշռություն հաստատելու համար»։

Կարապետյանը նշեց՝ հայտարարությունը բաց է Ազգային ժողովի պատգամավորների միանալու համար։ Հայտարարությանը առայժմ միացել են Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը և Հերիքնազ Տիգրանյանը։

Հայտարարության ընթերցմանը հաջորդած քննարկումը անցավ լարվածության մթնոլորտում. հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պարբերաբար վրդովված միջամտություններ էր անում՝ ընդհատելով խոսնակներին և, որպես կանոն, զուգահեռաբար մեկնաբանելով մասնակիցների խոսքերը։ Քննարկման ընդհանուր կետերն էին՝ քաղաքական գործիչների կողմից բռնությանն ու ատելության խոսքին համարժեք արձագանք տալու կարևորությունը՝ անկախ քաղաքական նախատրամադրություններից, օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությունը, բռնությունն ու հետապնդումները արդարացնող խոսքի բացառումը և, հաշվի առնելով ատելության և հանրային բևեռացման խորացումը, Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել