Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ․ Հակոբ Ավագյան |hetq.am|
17:45 - 06 մայիսի, 2020

Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ․ Հակոբ Ավագյան |hetq.am|

hetq.am: Մարտի 20-ից սկսած Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել 869 կազմակերպություններում, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում 98 կազմակերպությունների գործունեությունը ժամականավորապես դադարեցվել է, սկզբնական շրջանում 6 ժամով, ապա 24 ժամով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տեսչական մարմինի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Սրան զուգահեռ շարունակվում է տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետերի ուժեղացված աշխատանքը, որը մեկնարկել է հունվարի 24-ից: Մինչ այժմ լրացվել են 47 483 ուղևորների համար հասցեական քարտեր: Այնուհետև երբ հասցեական քարտերը փոխարինեցվին ինքնամեկուսացման և մեկուսացման ծանուցագրերի, լրացվել և ծանուցվել են 23 311 ուղևորներ, որոնք գնացել են ինքնամեկուսացման»,- նշեց Հակոբ Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ եթե ժամանող ողևորի մոտ առկա են լինում հիվանդության ախտանիշներ, ապա նրան անմիջապես հոսպիտալացնում են, և այս պահի դրությամբ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ:

Հակոբ Ավագյանն ասաց, որ մայիսի 4-ին սահմանափակումների մեղմացումից հետո տարբեր տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունը դրվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վրա, բացառությամբ հանրային սննդի կետերի, որտեղ վերահսկողությունն իրականացնում է սննդաթերքի անվտանգության տեսչական մարմինը: 

Մայիսի 4-ից սկսած արդեն իսկ 8 տնտեսվարողներ խախտել են սահմանված անվտանգության կանոնները, ինչի համար տեսչական մարմինը դիմել է պարետին՝ նրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար:

«Սննդի առևտրի կետերում հիմնականում խախտվել է աշխատողների անվտանգության կանոնները, մասնավորապես օրական երկու անգամ ջերմաչափումը, նրանց անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը, ախտահանման սահմանված կարգի պահպանումը և այլն»,- նշեց Հակոբ Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծեց, որ եթե ռեստորանները և սրճարանները չունեն պարետի սահմանած կետերով անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություն, ապա նրանք չպետք է բացվեն: 

Անդրադառնալով շինարարական հրապարակներում վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումներին՝ Հակոբ Ավագյանն ասաց, որ եթե մարդիկ տեղեկություններ ունեն տարբեր շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման մասին, ապա կարող են ահազանգել թեժ գիծ, ինչից հետո տեսչական մարմինը մշտադիտարկում կիրականացնի:

Հակոբ Ավագյանը նշեց նաև, որ տեսչական մարմնի վարակված երկու աշտակիցները առողջ են և արդեն իսկ լավ են զգում իրենց: Նախկինում արձանագրված այս երկու դեպքից բացի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Տեսչության ղեկավարի խոսքով՝ կան ռիսկային խմբում գտնվող աշխատակիցներ, որոնց աշխատանքը կազմակերպվում է հեռահար սկզբունքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել