Սևանա լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք |armenpress.am|
09:38 - 30 հոկտեմբերի, 2019

Սևանա լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք |armenpress.am|

armenpress.am։ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով 2019 թվականին անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Այս մասին նշված է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագծում:

Լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հեկտարը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ «Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ»,- նշված է նախագծում:

Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա: Լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր:

Դրանք գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին խիստ բացասական ազդեցություն կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել