Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան |shantnews.am|
11:07 - 06 օգոստոսի, 2019

Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան |shantnews.am|

shantnews.am։ «Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Կարինե Դանիելյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, ինչի հետևանքով արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք Սևանի ծաղկում, ինչը լիճը տանում է դեպի ճահճացում:

«Վերաբերմունքը, որ լիճն ինքնամաքրվեց, սխալ է: Սևանա լիճը չի ինքնամաքրվել: Այդ ծաղկումը սեզոնային է, ծաղկել են, իջել են հատակին, ինչը ճահճացումն ավելի է խորացնելու, որովհետև հատակին դրանք քայքայվում են, և լճի ջրի որակի վրա բացասական է ազդում այդ գործընթացը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Սևանի վիճակն ու արագիլների աղտոտումը, ըստ նրա, ահազանգ ու սթափվելու կոչ են բնության կողմից:

«Այն, ինչ կատարվում է, ճիչ է՝ ուղղված մեզ, որ վաղը ձեզ հետ նույնն է լինելու, որովհետև ուղղակի թափոններով ծածկել ենք երկիրը, սկանդինավյան երկրներում աղբի 1 տոկոսն է հորվում, մնացածը նորից օգտագործվում է, մենք նույնիսկ չենք կարողանում հասնել տարանջատման: Ինչո՞ւ ենք համաշխարհային մակարդակով քաղցկեղի մահացությամբ առաջին տեղերում: Բժիշկներն ասում են՝ ժամանակին չեն դիմում, գուցե դա փոքր ազդեցություն ունի, բայց պատճառը մեր շրջակա միջավայրի վիճակն է՝ երկիրը ծանր մետաղներով ծածկելու արդյունքը»,- նշեց Կարինե Դանիելյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել