Սևանում ձկան և խեցգետնի բավարար պաշար չկա. Բարդուղ Գաբրիելյան |aysor.am|
08:34 - 10 հուլիսի, 2019

Սևանում ձկան և խեցգետնի բավարար պաշար չկա. Բարդուղ Գաբրիելյան |aysor.am|

aysor.amԿարելի էր ինչ-որ բաներ ձեռնարկել, նախատեսել, որ գոնե մինչև այս սեզոնին ջուրը բարձանար, իսկ մենք ունենք հակառակ պատկերը, խոսելով Սևանա լճի կանաչման մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Նույնիսկ անցած տարվա համեմատ ջրի մակարդակը բացասական հաշվեկշիռ ուներ։ Մենք բազմիցս խոսում ենք նաև ձկնային պաշարների կարևորության մասին՝ ասելով, որ դրանք պետք է դիտարկենք ոչ միայն սննդի աղբյուր, այլ որպես էկոհամակարգի վերին օղակ։ Ձուկը, սնվելով ջրային օրգանիզմներով, կլանում է այդ օրգանական նյութը, և եթե մենք որսում ենք այդ ձուկը, ջրում նվազեցնում ենք օրգանական նյութը՝ դրանով իսկ նվազեցնելով նաև այս ծաղկման պրոցեսը։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք ձկան և խեցգետնի բավարար պաշար, որն այսօր չկա», - ասաց Բարդուղ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ձկնային սակավ պաշարը, չի կարող առաջարկվել որս իրականացնել։

Ինչ վերաբերում է խեցգետնին, բանախոսն ասաց, որ այն նույնպես լճի համար համարվում է արդյունագործական օբյեկտ, ինչպես նաև սննդի և եկամուտի աղբյուր։
«Ձկան պաշարների անկման պայմաններում այն բավական կարևոր դեր էր խաղում։ Բայց, ցավոք, էլի որոշ մարդիկ սխալ տվյալներով տալով՝ բերեցին նրան, որ մեր որոշում ընդունող մարմինները սխալ ճանապարհով գնացին, որսը չկառավարվեց։ Որսում էին այնքան, ինչքան կարողանում էին, և այսօր ունենք նաև խեցգետնի պաշարի խզում», - ասաց Բարդուղ Գաբրիելյանը։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ հասել ենք այն պայմաններին, որ պաշարները նվազում են, միայն սիգի պաշարն է տարեցտարի ավելանում, սակայն այն էլ ոչ այն չափով, որքան կարող էր իր ներուժն ապահովվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել