«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ
18:30 - 25 հուլիսի, 2019

«Սևան» ազգային պարկի տնօրենի թերի պնդումները Սևանա լճի խնդրի շուրջ

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը իր՝ հուլիս 24-ին «Հայկական ժամանակ»-ին տրված հարցազրույցում մանրամասնում է Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը և կատարում մի քանի վիճահարույց պնդումներ, որոնց կանդրադառնանք ստորև:

Նախ նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ Սևանա լճի կանաչակալման գործընթացի ժամանակ, Վահե Գուլանյանն այն տեսակետին էր, որ բնական պրոցեսին միջամտելը կատեգորիկ արգելվում է, իրենք էլ դա չեն թողնի, քանի որ էկոհամակարգի համար նորմալ երևույթ է:

Այս տարի ևս չի փոխվել «Սևան» ազգային պարկի տնօրենի տեսակետը: Նա նշում է. «Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տևում»:

ՊՈԱԿ-ի տնօրենը հարցազրույցի սկզբում նշում է, որ ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին: Սակայն ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հրապարակումն այլ պատկեր է ցույց տալիս:

Ինչպես տեսնում ենք գրաֆիկից` այս տարվա հուլիս ամսին Սևանա լճում քլորոֆիլի քանակը գերազանցել է 2006 թվականի ամենաբարձր՝ օգոստոս ամսվա ցուցանիշը։

Գուլանյանը լճի հետ տեղի ունեցողը կապում է բարձր ջերմաստիճանի հետ, իսկ կոյուղաջրերի մասին պնդում է հետևյալը. «...այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սևանա լճում, եթե ուզենք, այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն՝ այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի...»: Ուշագրավ է այն, որ մեկ այլ հարցազրույցում ՊՈԱԿ-ի տնօրենը խոսում է մոտ 10-ը ռեստորանների մասին. «...դրանք մոտ 10 են և բոլորն էլ ունեն մաքրման կայաններ՝ ասում է։ Այստեղ խնդիրը 92 համայնքներն են, որոնցից 87-ը չունեն կոյուղագիծ...»:

Սևանա լճի ափին գտնվող ռեստորանների և հյուրանոցների քանակը ներկայացնենք ստորև՝ տեսանյութի միջոցով.

Ինչպես տեսնում ենք Սևանա լճի տարածքում առկա են մոտ 40 հյուրանոցներ և ռեստորաններ, որոնք հիմնականում կենտրոնացված են թերակղզու տարածքում:

Այսպիսով, Գուլանյանի ներկայացրած թիվը տնտեսվարող սուբյեկտների մասին ոչ ճշգրրիտ է:

Ինչ վերաբերում է քաղաքային և գյուղական բնակավայրերից հոսող կոյուղաջրերին, ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրեց այս կերպ. «...92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝ Սևանն ու Ճամբարակը, Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել...Սևանա լիճ ուղիղ արտանետում չկա...»

Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին «Խիմմաստեր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենցաղային, արտադրական կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ ուսումնասիրել է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղացման վիճակը և մաքրման կայանների աշխատանքը: Ընկերությունը պարզել է, որ այս քաղաքներից Սևանա լիճ ամենից շատ կեղտաջրեր է ուղարկում Վարդենիս քաղաքը, թեպետ բնակչության թվաքանակով այն զիջում է մյուս երկու քաղաքներին: Ընդորում, Գավառի կոյուղացման աստիճանը կազմում է 36%, Մարտունիինը` 47%, Վարդենիսինը 41%: «Բնակչության քանակի և առկա կեղտաջրերի ծավալների համադրմամբ ստացվում է հետևյալ պատկերը. նորմերից շեղումը Վարդենիսում կազմում է 600%, Մարտունիում 270%, Գավառում 173%»,- այս մասին Էկոլուրին հայտնել էր «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը:

Գեղարքունիքի մարզի շուրջ 280.000 բնակիչների կողմից արտանետվող կոյուղաջրերի մասին խոսեց նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց. «...նույնիսկ այդ երեք մաքրման կայանները, որ քաղաքային գործում են, դրանք, ըստ էության, որակական փոփոխություններ չեն բերում, քանի որ խոսքը մեխանիկական մաքրման մասին է...»:

Վերոնշյալը ևս վկայում է, որ այս մասով ևս Գուլանյանը ներկայացնում է ոչ համակողմանի պատկեր:

ՊՈԱԿ-ի տնօրենն իր հարցազրույցում խնդրահարույց պնդում է արել նաև ջրում առկա վնասակար նյութերի ազդեցության մասին: Վահագն Գուլանյանը մասնավորապես նշել է. «… 2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է...»:

Այստեղ ուշագրավ են 2018 թվականի նույն գործընթացի ժամանակ տեղի ունեցած հետազոտության արդյունքները: Նույն ծաղկման խնդրի շուրջ կատարվող հետազոտությունն անցյալ տարի եզրահանգել էր, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ հանդիասանում է լճի ջրի վաղ տաքացումը և լճում բավարար քանակությամբ կենսածին տարրերի` հատկապես ֆոսֆորի առկայությունը: Լճի հատակամերձ շերտում թթվածնի քանակությունը ցածր է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հատակային շերտից ֆոսֆորի անջատման համար: Որքան մեծ է կենսածին տարրերի պարունակությունը՝ հատկապես «սահմանափակող» ֆոսֆորի, այնքան ինտենսիվ է աճը:

Ի հավելումն նշենք, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր ասուլիսի ժամանակ նշել է, որ Սևանա լճի հետ կատարվողը տարիների վատ կառավարման արդյունք է, ինչպես նաև ներկայացրել է լճի մակարդակի բարձրացումից հետո տեղանքի մաքրման աշխատանքների փաստացի թերություններ: Տեղանքի մաքրումը, շինությունների քանդումը ազգային պարկի տնօրենի անմիջական ղեկավարությամբ է կատարվել և կատարվում: Այս մասին է վկայում նաև դեռ հուլիսի 19-ին ոստիկանության բացահայտումը՝ Սևանա լճում անտառամաքրման աշխատանքների թերի կատարման մասով, որի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել