Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ. ԱԺ նախագահ |lragir.am|
10:43 - 31 մայիսի, 2019

Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ. ԱԺ նախագահ |lragir.am|

lragir.am։ Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։

Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Իմ քայլը խմբակցությունը Հանրապետության նախագահի առաջադրած նախկին երկու թեկնածուներին դեմ էր քվերակել։

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի թեկնածության քվեարկությունը մեկ անգամ ձախողվել էր ԱԺ-ում, երբ իշխող խմբակցությունը ՀՀԿ-ն էր։ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ հակաօրինական քայլ է տեղի ունեցել, քանի որ օրենքը հստակ ասում է՝ իրավասու մարմինը մեկից ավելի անգամ չի կարող նույն անձի թեկնածությունն առաջադրել։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ համամիտ չէ այս գնահատականի հետ։
«Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք։ Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա։ Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է»,- նշեց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել