Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան
10:54 - 18 հունիսի, 2019

Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույց․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։

Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։

Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան հարթավայրի ոռոգվող հողատարածքների վերականգման նպատակով Վեդու ջրամբարի կառուցումը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ իր կենսական նշանակությամբ այն երկրի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր է լուծում։

«Վեդու ջրամբարի ենթակառուցվածքային ամբողջական համակարգի ներդրումը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևորագույն ռեսուրսային հանգույցներից մեկը, ինչն էլ իր հերթին տնտեսության տարբեր ճյուղերի համար անխուսափելիորեն կունենա բազմագործոն ազդեցություն»,-ասել է նախարարը։

Իր հերթին ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գոհունակություն է հայտնել Վեդու ջրամբարի շինարարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի և սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու կապակցությամբ և ընդգծել, որ Վեդու ջրամբարի ծրագիրը ԶՖԳ կողմից երբևէ արտերկրում իրականացված ամենակարևոր և ամենամեծ նախագիծն է։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանում արձանագրված քաղաքական և տնտեսական փոփոխությունները երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հիանալի հնարավորություն են ընձեռնում։

Ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների միջոցով կանխոշորել համագործակցության առաջնահերթություններն ու ենթակառուցվածքային զարգացման, ջրամբարաշինության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում նոր ծրագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել