Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է անում ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտի կողմերին |azatutyun.am|
15:37 - 03 փետրվարի, 2020

Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է անում ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտի կողմերին |azatutyun.am|

azatutyun.am:   Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: Այս մասին նա նշել է իր հայտարարության մեջ:

«Ես շարունակում եմ մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող բացահայտ կոնֆլիկտով: Կիսում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Ջիանի Բուքիքիոն նախ հիշեցրել է 2019 թվականին Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարակաները, որ «ցանկացած վաղ կենսաթոշակի սխեմա պետք է իսկապես լինի կամավոր, բացառվի որևէ անպատեհ քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, և պետք է այնպես մշակվի, որպեսզի չազդի ընթացիկ գործերի արդյունքների վրա»:

«Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը», - հորդորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողները նկատել էին․ - «Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը:

Վերջապես, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը` լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել