Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը  |pastinfo.am|
15:08 - 05 փետրվարի, 2020

Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը |pastinfo.am|

pastinfo.am:   Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին  հայտնեց Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ դեռևս չեն ծանոթացել Վերաքննիչ դատարանի որոշմանը։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, Պիվազյանն ասաց. «Իհարկե, բայց մինչ բողոքարկելը պետք է ստանանք որոշումը, հասկանանք մեր փաստարկների վերաբերյալ դատարանն ինչ եզրահանգումների է եկել, ինչ պատճառաբանություններ է նշել»։

Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանն ունի նաև որոշակի առողջական խնդիրներ, սակայն այս պահին այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Նարեկ Սարգսյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել