Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ օրակարգ է տեսնում Հայաստանում |armenpress.am|
07:22 - 26 նոյեմբերի, 2019

Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ օրակարգ է տեսնում Հայաստանում |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է հիմնադրման 15-ամյակը:

Նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն նպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը: 15 տարի առաջ, երբ հիմնադրվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, բայց կարող եմ արձանագրել, որ այն Հայաստանում կայացել է: Պետք է արձանագրել, որ այս 15 տարիների ընթացքում ՄԻՊ-ի ու իշխանության հարաբերությունները պարզ չեն եղել:

Մարդու իրավունքների առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը և հրաժարական են տվել: Մենք հույս ունենք, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել, որտեղ մարդն իսկապես բարձրագույն արժեք է, իսկ նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության առջև դրված կարևորագույն խնդիր:

Մարդու իրավունքների պաշտպանությունը հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, մարդկանց անհավասարությունը ստեղծում է կոռուպցիա: Երբ ՀՀ-ն պայքարում է կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ օրակարգ կա:

«Կարող ենք արձանագրել նաև, որ լուծվել են կարևորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի: Մենք ունեցանք 2018 թ. խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին, որ լայնորեն գնահատվեցին տեղական և միջազգային բոլոր դիտորդների կողմից որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ամեն օր, ամեն ամիս ու ամեն տարի ավելի կլավանա, և դա կլինի կառավարության ու ՄԻՊ-ի համագործակցության արդյունքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել