Քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը չենք բացառում. Աշոտ Ղուլյան |artsakhpress|
14:32 - 30 նոյեմբերի, 2019

Քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը չենք բացառում. Աշոտ Ղուլյան |artsakhpress|

artsakhpress.am:   Այս մասին  ասել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը:


Նրա խոսքով՝ մինչև օրենքով սահմանված թեկնածուների և կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման ժամկետները, ԱԺԿ-ն պատրաստ է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը շարունակել:


«Կուսակցությունն այսօր կայացած համագումարում արդեն իսկ ներկայացրել է իր որոշումը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական ընտրություններին նույնպես ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու: Կարծում եմ՝ այս ամենով հանդերձ պետք է կարողանանք ուշադրության կենտրոնում պահել բոլոր այն հնարավոր համագործակցության հարցերը, որոնք կարող են մեր երկիրը դարձնել ավելի ուժեղ: Եվ գալիք ընտրությունների արդյունքում պետք է ունենանք ավելի համախբված երկիր»,- նշել է ԱԺԿ նախագահը:
Անդրադառնալով հայաստանյան իշխանությունների հետ համագործակցությանը՝ Ա. Ղուլյանն ասել է, որ այս տարիների ընթացքում փորձել են կատարելագործել հայկական երկու հանրապետությունների միջև առկա հարաբերությունները:


«Որպես նախընտրական ծրագրի կարևոր դրույթ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձևով է ներկայացնելու Արցախի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները: Վստահ եմ՝ բոլորի մոտ էլ լինելու է այն մոտեցումը, որ երկու հայկական հանրապետությունների միջև կարող են լինել միայն ամենաջերմ և բարձր աշխատանքային հարաբերություններ: Համոզված եմ, որ այդ համագործակցությունն առաջիկա տարիներին լինելու է ավելի արդյունավետ և գտնվելու է բարձր մակարդակի վրա»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել