Քանի դեռ կան արյան թարմ հետքեր, հակամարտության կարգավորումից խոսելն անհնար է. էդմոն Մարուքյան |tert.am|
10:41 - 01 ապրիլի, 2019

Քանի դեռ կան արյան թարմ հետքեր, հակամարտության կարգավորումից խոսելն անհնար է. էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո մենք մի քանի հարց ունենք, որի հրապարակային պատասխանները չեն տրվել: Խոսքը հայկական օրակարգի մասին է, թե քննարկումների ժամանակ ինչ եղավ. նաև երեք սկզբունքների և վեց տարրերի մեկնաբանությունները»,-հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:

Ըստ նրա՝ մնացած հարցերի մասով դրական արձագանքներ կան. «Օրինակ` այն, որ բանակցությունները կշարունակվեն: Նաև չենք բացառում, որ գաղտնիության ռեժիմով կփորձենք տեղեկություն ստանալ, որովհետև խորհրդարանական ուժերը պետք է տեղեկություն ստանան գործընթացից»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կողմերը գան եզրահանգման, որ նոր փաստաթուղթ մշակվի, քանի որ նախորդը որևէ եզրահանգման չի բերել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ՝ հի՞ն փաստաթղթի շուրջ են արդյոք բանակցում, թե ոչ: Այն, որ կարելի է գնալ նոր սկզբունքների, տարրերի, մեկնաբանությունների արձանագրման, միանշանակ կարելի է և արժե այդպես անել: Կարծում եմ, որ հենց այդ ճանապարհով էլ մեր կողմը գնում է, բայց մի բան չպետք է մոռանալ, որ միջազգային իրավունքը, ակտը չի փոխվում և մեկնաբանությունների հարց է. աշխարհում շատ կոնֆլիկտներ տարբեր ձևով են մեկնաբանվում: Հիմա որևէ բան չենք կարող ասել, որովհետև, տեղեկություն չունենք, բայց ՀՀ իշխանությունները պետք է փորձեն նոր մոտեցումներ բերել և փորձում են: Բնականաբար, դա հեշտ չի լինելու»,-ասաց նա:

«Եթե մի տասը տարի չլինի որևէ կրակոց, զոհ, հասարակության համար շատ ավելի հեշտ կլինի խոսել խնդրի կարգավորումից, իսկ եթե կան թարմ արյան հետքեր, անհնար է»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

«Երկարատև խաղաղություն է պետք, որ շփումները վերականգնվեն»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել