Քննարկվել են կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր
15:14 - 12 փետրվարի, 2020

Քննարկվել են կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման և վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով երկու կառույցն էլ ունի գործառույթներ, որոնց առավել սահուն և արդյունավետ իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանքների կանոնակարգում։

Հանդիպմանը քննարկվել են չգրանցված, կասկած հարուցող, օրենքի խախտմամբ ներմուծված կամ կեղծված դեղերի հետ կապված տեղեկատվության փոխանակմանը, արձանագրված խնդիրների դեպքում արագ արձագանքմանն առնչվող հարցեր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում այսօրինակ հարցերի շուրջ տեղեկատվությունը միմյանց տրամադրել համաձայնեցված ձևաչափով՝ առավել համակարգված և առավել սեղմ ժամկետերում։

ԱԱՏՄ ղեկավարն ընդգծել է փոխգործակցությունը ճիշտ ուղու վրա դնելու կարևորությունը՝ շեշտելով, որ դեղերի ներմուծումից մինչև իրացման շղթա խնդիրների հայտնաբերումն ու բացառումն առաջին հերթին բխում է հանրության շահերից։

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարը կարևոր է համարել դիտարկել նաև այն խնդիրները, որոնք կարող են ենթադրել օրենսդրական փոփոխություններ։

Առաջիկայում նման հանդիպումների ընթացքում ևս կքննարկվեն երկու կառույցների լիազորություններից և գործառույթներից բխող քայլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել