107 հազար 732 ընտանիք դիմել է սոցապ նախարարություն սոցիալական նպաստ ստանալու համար. քա՞նիսն են ստանում |armtimes.com|
05:42 - 12 սեպտեմբերի, 2019

107 հազար 732 ընտանիք դիմել է սոցապ նախարարություն սոցիալական նպաստ ստանալու համար. քա՞նիսն են ստանում |armtimes.com|

armtimes.com: 2019 թվականին ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել 107 հազար 732 ընտանիք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Օգոստոս ամսվա տվյալներով՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի վճարման ցուցակում նպաստառու ընտանիքների թիվը կազմում է 87 379: Աստղիկ Մինասյանի փոխանցմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների ցուցակներ:
Ներկա դրությամբ 69 069 ընտանիք ունի տարեկան 600 խորանարդ մետր բնական գազի սպառման նվազագույն սակագներով վճարման հնարավորությունից օգտվելու իրավունք, իսկ 99 714 ընտանիք` էլեկտրական էներգիայի: Ըստ մեզ տրամադրված տվյալների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում ընդգրկված անձանց թիվը 564-ն է:

Ընտանիքների սոցիալական նպաստի նվազագույն թիվը հստակ սահմանված է 18 հազար դրամ. խոսքը ընտանիքում երեխա չունեցողներին է վերաբերում, իսկ ընտանիքում երեխա ունենալու պարագայում հավելման չափերը տարբերակված են՝ պայմանավորված անապահովության գնահատման միավորով, ընտանիքում երեխաների թվով, ինչպես նաեւ բնակության վայրով:
Սոցիալական նպաստի թիվը նվազագույն 18 000 դրամից կարող է հասնել առավելագույն 105 000-ի:
Այս պահին 132 հազար 381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում եւ չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որով առաջարկվում է կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է եւ վերջնական պատրաստ չէ: Սակայն Բաթոյանը որոշ դրույթներ էր նշել, պարզաբանելով սոցիալական կարիքների գնահատման արդյունքում անապահով անձի ձեռքբերման իրավունքները:

Ըստ նախարարության մշակվող նախագծի՝ վեց ամսվա ընթացքում աշխատանք կտարվի գործազուրկ նպաստառուի հետ՝ աշխատանք գտնելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության ուսուցման դասընթացներ անցնելով, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի համադրմամբ: Վեց ամիս հետո զբաղվածության չանցնելու պարագայում նրա գործազուրկի կարգավիճակը կփոխվի, գնահատման միավորը էապես կնվազեցվի՝ այլ սոցիալական խումբ փոխանցելով, ինչի արդյունքում նպաստի իրավունքն այլեւս չի գործի:

Զբաղվածության անցնելու պարագայում նա կպահպանի նպաստի իրավունքը եւս վեց ամիս՝ եկամուտը հաշվի չի առնվի: Ընդհանուր առմամբ՝ մեկ տարի աջակցությունից հետո ենթադրվում է, որ անձի իրավիճակը կլինի կայուն եւ նա կկարողանա ինքնուրույն հոգալ իր խնդիրները, հաշվի առնելով, որ միջամտության ծրագրերի զգալի մասը նախատեսում են միջինում մեկ տարվա աշխատանք:

Պայմանը կկիրառվի բոլոր այն աշխատունակ անձանց համար, ովքեր նոր կդիմեն համակարգում ներառվելու համար կամ կցանկանան նորից ընդգրկվել համակարգում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել