«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը |armenpress.am|
11:12 - 03 փետրվարի, 2020

«10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է. արդեն իրականացվում է տնկիներ ձեռք բերելու գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում «10 մլն ծառատունկ» ծրագրի մեկնարկը տրված է: Շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ տնկիների հարցը կարգավորելու համար:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ տնկանյութի ձեռք բերման հետ կապված նամակներ էին ուղղվել Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան և Իրան:

«Արդեն հիմնականում ունենք պատասխաններ: Բելառուսից նշեցին, որ պատրաստ են տրամադրել մինչև 10 մլն սոճի, մինչև մեկ մլն կեչի: Ղազախստանից ենք տեսակների մեծ ցանկ ստացել: Այժմ աշխատում ենք Լեհաստանի հետ, նախատեսում ենք նաև համագործակցել Ֆինլանդիայի հետ: Առաջարկները ներառում են թե վճարովի, թե անվճար տնկիներ»,-ասաց նախարարի տեղակալը:

Վարդան Մելիքյանը տեղեկացրեց, որ քարտեզագրվել են այն տարածքները, որտեղ պետք է իրականացվեն տնկումները: Խոսքը պետական անտառային հողերի մասին է: Արդեն ուսումնասիրվել է մոտ 2 հազար հա-ից ավելի տարածք: Առաջիկայում կսկսվի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացումը: Մասնագետները կհստակեցնեն, թե յուրաքանչյուր տարածքում ինչ տիպի ծառեր, ինչ համամասնությամբ են տնկվելու՝ կապված տեղի կլիմայից, հողային պայմաններից:
Ընտրվել են այն տարածքները, որտեղ ոռոգման համակարգի անհրաժեշտություն չկա:

«Երբ խոսում ենք անտառ տնկելու մասին, ապա մարդիկ շատ հաճախ պատկերացնում են այգիներում կանաչապատման համար ծառերի տնկումը: Անտառների դեպքում այդպես չէ, մենք բերելու ենք փակ արմատային համակարգով տնկիներ՝ կոնտեյներների մեջ աճեցվող ծառեր են, որոնց արմատներն ամբողջությամբ փակված են հողով: Դրանք շատ դժվար է վնասել, շատ հեշտ է տնկել»,-ասաց նա: Ծառատունկի մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 10-ին, թեպետ, ամեն ինչ կախված է լինելու եղանակային պայմաններից: Հողի նախապատրաստական աշխատանքները նախապես արված են լինելու, մասնակիցներին մնում է տնկել ծառը:

«10 մլն ծառատունկ» ծրագիրը լինելու է ապակենտրոնացված և մասնակցային, այսինքն՝ խնդիր է դրված ներգրավել հնարավորինս շատ մարդկանց: Նախարարի տեղակալը նշեց, որ կարևոր շեշտադրում է լինելու կրթական բաղադրիչի վրա: Լայնածավալ կրթական ծրագրեր են իրականացվելու, որպեսզի մարդիկ չգան միայն ծառ տնկելու համար, այլ տեղեկացվեն թեմայի վերաբերյալ:

Այս շաբաթ կսկսվեն նախաձեռնության բրենդավորման աշխատանքները, կգործարկվի համապատասխան կայք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել