ՀՔԱՎ-ի հրապարակումից հետո ՊՆ-ի կողմից լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել
12:38 - 15 մայիսի, 2020

ՀՔԱՎ-ի հրապարակումից հետո ՊՆ-ի կողմից լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել

2020 թվականի ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ երկրում առկա իրավիճակի պատճառով և կառավարության որոշմամբ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչը կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։

Վերջինս նաև հայտնել էր, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ, իսկ զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։

2020 թ․ ապրիլի 9-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանկի» հարցմանն ի պատասխան  ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։

Արգելվել է  նաև հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը, բայց պայմանավորվածություն կա տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ՝ օրվա հնարավոր թողունակությանը համապատասխան՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։

ՀՔԱՎ-ի հրապարակման մեջ նշվում էր, որ զորակոչիկների բուժզննման աշխատանքները կատարվում են հակահամաճարակային կոնոնների խախտմամբ՝ զորակոչիկներին բուժզննության են կանչում մեծ խմբերով, շատ փոքր տարածքում մի քանի տասնյակ զորակոչիկների են հավաքում։

Բացի այդ, ըստ ՀՔԱՎ-ի ստացած ահազանգերի՝ չի պահպանվում նաև անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը․ նույն բժշկական սենյակ մտնում են միաժամանակ երեք զորակոչիկներ՝ տարբեր բժիշկների մոտ։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԱՎ հրապարակումից հետո լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել։ 

«Անձամբ զինկոմը զգուշացվել է և տրվել են ցուցումներ, որպեսզի խստիվ պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ Պաշտպանության նախարարությունը այս առիթով ահազանգեր չի ստացել»,- եզրափակեց Ստեփանյանը։ 

Անդրադառնալով զորակոչիկների  անձնական  տվյալների պահպանման խնդրին՝ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ բժշկական սենյակում բուժզննումը կատարվում է առանձին։ 

Վերջինս կրկին շեշտեց, որ ՀՔԱՎ հրապարակումից հետո բոլոր կետերի վերաբերյալ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել