Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում |hetq.am|
10:23 - 15 մայիսի, 2020

Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ օրենք և Սահմանադրություն չի խախտել, Արսեն Բաբայանը պնդեց, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝  նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, երեկ մեկնարկեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը:

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Ըստ մեղադրանքի, նա,  2018 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Արսեն Բաբայանն, ըստ մեղադրանքի 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Ի սկզբանե Արա Բաբլոյանը մեղադրվում էր Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, իսկ Արսեն Բաբայանը՝ Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն հետագայում նրանց մեղադրանքը փոփոխվեց։ Սա այն բանից հետո, երբ դատախազությունը երկու անգամ չհաստատեց Սահմանադրական դատարանի լիազրություններին տիրանալու կամ դրան օժանդակալու վերաբերյալ նրանց մեղադրանքները։ Բաբլոյանն ու Բաբայանը չեն ընդունել թե՛ նախկին, թե՛ փոփոխված  մեղադրանքները։

Արա Բաբլոյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն մեղադրում են այն բանի համար, որ բժիշկ լինելով՝ դարձել է Ազգային ժողովի նախագահ։

«Ես հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ  ԱԺ նախագահ ընտրվելու համար, քանի որ ընտրվել եմ՝ բժիշկ լինելով, որովհետև ԱԺ նախագահ լինելով՝ ես մտածել եմ, որ պիտի ԱԺ-ի բնակակոն աշխատանքն ապահովեմ: Բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ևս 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունն աշխատավարձ է վճարում, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները:

Ես փաստաթուղթ եմ ստացել Գարիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որից հետո հայտարարությամբ ես հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել իրենց հրահանգել, իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել այդ գործընթացին»,- ասաց Արա Բաբլոյանը՝ պնդելով, որ ինքն օրենք և սահմանադրություն չի խախտել։

Դատարանում Բաբլոյանի և Բաբայանի  մեղադրանքը պաշտպանում են երկու դատախազ՝  գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանն ու նույն վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը։

Այսօրվա դատական նիստին ի սկզբանե որոշված էր թույլատրել միայն զանգվածային լրատվամիջոցների օպերատորների և այն լրագրողների մուտքը, որոնք առանց օպերատորների են աշխատում, սակայն նիստի մեկնարկին գործով ներգրավված փաստաբանները՝ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանն ու Արամ Վարդևանյանը բարձրացրին լրագրողների՝ նիստին մասնակցելու հարցը։ Նիստն անցկացվում էր Երևանի դատարանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների նստավայրի ամենամեծ դահլիճում, որտեղ դատավարության մասնակիցների և այլ քաղաքացիների միջև ապակիներ են։ Ապակիներից այն կողմ բազմաթիվ ազատ տեղեր կային ու բավականաչափ տարածություն՝ սոցիալական հեռավարություն պահպանելու համար։ Նման պայմաններում դատարանը որոշեց թույլատրել, որպեսզի լրագրողները  նույնպես դահլիճում լինեն։

Դատարանն անդրադարձավ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցին։ Արսեն Բաբայանը նշեց, որ դատավորից որոշակի պարզաբանումներ է ցանկանում ստանալ՝ կողմնորոշվելու համար՝  ինքնաբացարկ հայտնել, թե ոչ։

«2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձևավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։ Հիշյալ սահմանադրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է և չի իրագործվել»,- իր մեղադրանքից մեջբերում կատարեց Բաբայանն, ապա դիմելով դատավորին՝ հարցրեց, թե արդյոք  վերջինս  համարում է, որ իր՝ որպես  ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել և չի իրագործվել։  Բաբայանը նաև հարցրեց, թե արդյոք դատավորն իրեն  համարո՞ւմ է իրեն և Բաբլոյանին վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել