Զուգահեռ քննադատությունների առկայությունը հուշում է, որ մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում. Մարիա Կարապետյան |lragir.am|
21:33 - 21 մայիսի, 2020

Զուգահեռ քննադատությունների առկայությունը հուշում է, որ մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում. Մարիա Կարապետյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։

Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում այն քննադատությունները, որ այս օրերին հնչում են իշխանության հասցեին, որ իշխանությունը խաբել է հասարակությանը և հրաժարվել վեթինգի իրականացումից:

Նախ ֆիքսենք, թե ինչ է վեթինգը։ Դասական իմաստով՝ դա ժամանակավոր նոր դատական մարմնի միջոցով անխտիր բոլոր դատավորների ստուգումն է գույքային վիճակի, շահերի և կապերի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների տեսանկյունից, ընդ որում՝ հետհայաց ստուգումը, այսինքն՝ նրանց ողջ գործունեության ընթացքում գույքային վիճակի փոփոխության, շահերի և կապերի բերումով որոշումների կայացման և ցուցաբերած գիտելիքների և հմտությունների տեսանկյունից։

Նման գործընթաց Հայաստանում իրականացնելու համար մենք նախևառաջ ունենք սահմանադրական խոչընդոտներ, որոնք իհարկե կարելի է լուծել, բայց սրա համար էլ է ժամանակ հարկավոր։ Բացի այս խոչընդոտներից, նման կերպով վեթինգ իրականացնելն առաջացնում է դատական համակարգի «դադար» կամ «վակուում» և պահանջում է թափուր մնացող պաշտոնների համալրման համար մարդկային միանգամից մեծ ռեսուրսների առկայություն կամ դրանց պատրաստում։ Եվ առաջին հայացքից արագ թվացող լուծումը իրականում կարող է տարիներ ձգվել։

Իսկ այժմ հասկանալու համար՝ արդյոք մենք պահո՞ւմ ենք մեր խոստումները, թե՞ խաբում ենք, եկեք վերահաստատենք, թե ինչ ենք մենք խոստացել։ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի նոյեմբերին հրապարակեց իր նախընտրական ծրագիրը։ 2019-ի թվականի փետրվարին Ազգային ժողովը հաստատեց Կառավարության հնգամյա ծրագիրը։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Կառավարությունը հաստատեց Արդարադատության նախարարության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազամավարությունն ու գործողությունների ծրագիրը։ Այս փաստաթղթերից և ոչ մեկը չի օգտագործում «վեթինգ» բառը։ Փոխարենը մենք խոստացել ենք հասնել հետևյալ վերջնարդյունքին՝

  • ապահովել անկախ դատական իշխանություն, որտեղ հրահանգներ և ազդակներ չեն ստացվում և չեն կարող ստացվել թե՛ իշխանության մյուս ճյուղերից, թե՛ հենց դատական իշխանության ներսից, թե՛ ցանկացած այլ շրջանակից,
  • ապահովել անկախ դատական իշխանություն, որտեղ բացառվում է նաև կաշառքով կամ այլ շահերով որոշումների կայացումը,
  • բարձրացնել դատավորի աշխատավարձը՝ դատական համակարգ լավագույն մասնագետների մուտքը խրախուսելու համար, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովությունը և անկախությունը երաշխավորելու համար,
  • ավելացնել դատավորների թվակազմը և բեռնաթափել դատական համակարգը՝ դրա արդյունավետությունը և արդարադատության մատչելիությունը բարցրացնելու նպատակով,
  • բարեփոխել դատավորների որակավորման, բարեվարքության, կարգապահական կառուցակարգերը։

2020 թվականի ապրիլին Ազգային ժողովը ընդունեց «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխությունների փաթեթը, որով մեր խոստումների մի մասի համար ստեղծվեց անհրաժեշտ օրենսդրական հիմքը։

Մեր հանձնառություններն արմագրող այս փաստաթղթերից «վեթինգ» բառի բացակայությունը պատահականություն չէ։ Վեթինգը անցումային արդարադատության գործիք է, իսկ այս փաստաթղթերը խոսում են անցումային արդարադատության միայն մեկ այլ գործիքի՝ անցյալի զանգվածային իրավախախտումները (ընտրական գործընթացներ, գույքի հարկադիր օտարում, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողների դեպքեր) վեր հանող ճշմարտության հանձնաժողովի մասին։ Այսինք, եթե մեր մտադրությունը լիներ անցումային արդարադատության շրջանակներում նաև վեթինգ խոստանալ, այդ բառը իր արատացոլումը կգտներ այս փաստաթղթերում։

Իսկ այն, որ մենք լրջորեն և մանրամասն քննարկել ենք դասական վեթինգի իրականացման հնարավորությունը հատկապես տարբեր մասնագիտական կազմակերպությունների հետ, չի կարելի անվանել մեր խոստում կամ հանձնառություն։

Իսկ ինչո՞ւ է այս քննարկումների արդյունքում ընտրվել ոչ թե ժամանակավոր նոր դատական մարմնի միջոցով դատավորների մեկանգամյա վեթինգի ճանապարհը այլ դատական համակարգի աստճանական զտումը և համալրումը։ Նախ ժամանակային առումով վեթինգը առավել կարճ չի տևում, քան այն ճանապարհը, որը մենք ենք ընտրել։ Երկրորդ սա մեզ հնարավորություն է տալիս խուսափել որոշակի ժամանակով առհասարակ դատական համակարգ չունենալու վտանգից։

Եվ վերջապես, վարչապետ Փաշինյանի և արդարադատության նախարար Բադասյանի մայիսի 11-ին տեղի ունեցած դատական համակարգի բարեփոխումների մասին շատ մատչելի հարցուպատասխանի ժամանակ, Նախարարը ասաց․ «Եթե տեսնենք, որ որևէ բան չի օգնում, և դատական համակարգի նկատմամբ վստահությունը շարունակում է նույնը [ցածր] մնալ, մենք կարող ենք բոլոր [երկրների] բացասական փորձերը հաշվի առնելով՝ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և հաջողված համատարած վեթինգի համակարգ դնել, որը անխուսափելիորեն խնդիր է պարունակելու»։ Այսինք իդեալական տարբերակներ չկան, և մենք հաշվի ենք առել և շարունակելու ենք հաշվի առնել բոլոր ռիսկերը և ընտրել այն լուծումները, որոնք տանելու են մեր խոստումների լիարժեք իրականացմանը։

Եթե ամբողջական վեթինգ իրականացնելու համար պետք էր Սահմանադրություն փոխել, այդ դեպքում՝ ինչո՞ւ էր իշխանությունը շտապում հայտարարել վեթինգի մասին:

Ես կարծում եմ, որ մեզ մեկ-մեկ դանդաղկոտության և մեկ-մեկ շտապողականության մեջ մեղադրող քննադատությունները միմյանց չեզոքացնում են։ Այս զուգահեռ քննադատությունների առկայությունը հուշում է, որ մենք հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով։

Ավելին՝ Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել