Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 (թարմացվող)
22:43 - 26 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․05․20 (թարմացվող)

20:35- Լոռու մարզում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 70 դեպք: Վարակված քաղաքացիներից 54-ը բուժվել ու դուրս են գրել: Մյուսները շարունակում են իրենց բուժումը: Ինքնամեկուսացված է մոտ 100  քաղաքացի, թիվը պարբերաբար փոփոխվում է: [մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |Armtimes.com|


20:28- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 8 աշխատակից հիվանդ է COVID-19-ով, 49-ը՝ ինքնամեկուսացված է։


20:25- «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը՝
Երևան-Լիոն-Երևան,
Երևան-Թել Ավիվ-Երևան,
Երևան-Վորոնեժ-Երևան,
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ:


20:20- Որոշ լրատվամիջոցներ սկսել են շահարկել, թե լաբորատոր հետազոտությունները կատարվում են «ընտրյալ լաբորատորիաների» միջոցով: Մինչդեռ, պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Կրկնում ենք՝ ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ: Բավական է միայն վերնագրի միջոցով մանիպուլացնել մարդկանց: Բավական է թիրախավորել և անընդհատ քարկոծել, մանավանդ, երբ դրա համար «հարմար նախադրյալներ» չկան։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]


19:40- Քննարկվել է թեստավորման քաղաքականության հետ կապված որոշակի փոփոխությունների հավանականությունը: Չի բացառվում, որ այդ գործում կներգրավվեն մասնավոր թեստավորող լաբորատորիաներ: [Տիգրան Ավինյան]


19:35- Պարետատան նիստում քննարկել ու չենք բացառում կրկին կարանտինային ռեժիմի անցնելու հավանականությունը: Հնարավոր է լինեն որոշակի սահմանափակումներ որոշ բանկավայրերի նման, օրինակ՝ ինչպես արվեց Սևանում, Արենիում: Ամեն ջանք, սակայն ներդնելու ենք, որ համապետական մասշտաբով կարանտինի չանցնենք։ Չի լինի տնտեսական սահմանափակում։ [Տիգրան Ավինյան]


19:11- Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչև անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրու՞մ են դիմակ, թե՞ ոչ։ Եվ երբ կանոնները կխախտվեն, կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ։ [Նիկոլ Փաշինյան]


19:10- Մինչև այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն։ Այսօր արդեն կսկվեն են ռեյդեր Հանրապետության ամենատարբեր հատվածներում՝ սկսած ֆիզիկական անձանցից, ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսվարողներով՝ կանոնների պահպանման վերաբերյալ։ [Նիկոլ Փաշինյան]


16։58- ԱԱՏՄ-ի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։ Վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներում և փոքր խանութներում։

 

16։48- Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված։ [ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ  նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ] |tert.am|

 

16։42- Այսօր 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտների աշխատանքը։ Տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (անձնակազմի և հաճախորդների պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելը, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելը, հաճախորդներին ջերմաչափելը, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալը): Տնտեսվարողների ցանկը։

 

15։21-  Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

15։18- Երևանում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ [Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյան] |armenpress.am|

 

15։13-  «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Այս մասին  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։ Վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։ Աղջկան խնամող սանիտարին և իր հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեև որևէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց այսօր կթեստավորեն։ |hetq.am|

 

13։37- Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման առողջապահության նախարարություն: Ըստ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի՝ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել: |armenpress.am|

 

13։11- Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: |armenpress.am|

 

11։39- ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը դադարեցվել է: Նրա խոսքով, նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:  «Լանցետ» ամսագրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու դեղամիջոցները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ՝ ներառյալ սրտի առիթմիան: |armenpress.am|

 

11։29- Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում ։ Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ, այո՛,  սխալ եմ արել։ [Արարատ Միրզոյան]

 

10։59- Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ  կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին ասաց նրա ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը: Կորոնավիրուսի թեստ է հանձնել նաեւ ինքը՝ Մեժլումյանը. դրա պատասխանը դեռեւս չի ստացվել:  Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանի պաշտպաններն են: |armtimes.com|

 

10։52-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։51- Թարմացվել է 26.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 7402 (+289)
Առողջացածներ - 3220 (+75)
Փաստացի բուժվողներ -4052
Ընդհանուր թեստեր - 52554
Մահվան ելքեր - 91 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –39 [ԱՆ]

 

09։41- Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 25-ին դիմակների կրման վերաբերյալ նոր որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման՝ 
- ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:
- Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և
ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:

 

08։56- ՀՀ բոլոր մարզերում ԱԱՏՄ իրականացրած ակտիվ մշտադիտարկումների արդյունքում մինչ օրս գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել շուրջ 650 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ: [Հայկական միասնական տեցեկատվական կենտրոն]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել