Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան
 |armtimes.com|
20:22 - 10 հունիսի, 2020

Բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ուժերն այս օրերին պատրաստում են իրենց քաղաքական գերեզմանաքարը. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՅԴ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը համարում է կամ անարդյունավետ, կամ ուշացած, նաև սխալ, և պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի ճգնաժամից դուրս գալու քննարկման և ձախողված պաշտոնյաներին, այդ թվում վարչապետին պատասխանատվության ենթարկելու համար: Արդյո՞ք  Ձեր քաղաքական թիմը պատրաստ է նման օրակարգով քննարկման:

Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետն ասաց.  ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն 3 հատուկ նիստ է տեղի ունեցել, կառավարությունում ևս նման քննարկումները են կայացել, և շարունակվում են: 

«Ուղղակի ուզում եմ արձանագրել, որ Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև դաշնակցության ներկայացուցիչները հայտնի հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թվականի ամռանը: Երբ ընդամենը մեկ-երկու ամիս էր անցել կառավարության ձևավորումից:

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է  տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի մահվան՝ քաղաքական իմաստով:  Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ  դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,-ասաց վարչապետը:

Ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ: Վարչապետն ասաց, հայեցակարգային առումով այդ մտքի հետ հաշտ չէ, որովհետև կարծում է, որ ճգնաժամին միշտ պետք է նայել  որպես հնարավորության:

«Բայց այսօր կան ուժեր, որոնք էդպիսի հռետորաբանություն են զարգացնում: Ասում են, երբ որ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա, և այլն:

Նախ ուզում եմ արձանագրել. այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն ամենատարբեր ցուցանիշներով անգամներով ավելի լավ արդյունք ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները: Եվ, ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի այդ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում:

Բայց, եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում, և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ շրջանակում, եկեք դիտարկենք: Իսկ պատերազմի  ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների, սխալ տեղեկատվություն տարածողների, պատերազմի ժամանակ հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան: Մենք, բնականաբար, այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև ժողովրդավարական երկիր ենք»,- ասաց վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել