Ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթղթի  հավաստիությունը մետատվյալների ստուգման մեթոդով հնարավոր չէ ստուգել
10:49 - 16 հունիսի, 2020

Ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթղթի հավաստիությունը մետատվյալների ստուգման մեթոդով հնարավոր չէ ստուգել

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ 3 հաղորդագրություն տարածեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին, որոնցից մեկը վերաբերում էր 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ զանգվածային ընտրակաշառք բաժանելուն։ Բայց մինչ ԱԱԾ-ն կտարածեր համապատասխան հայտարարությունը՝ Անհերքելի փաստեր անունով ֆեյսբուքյան էջը հրապարակեց նույն թվականի ընտրությունների ժամանակ բաժանված ընտրակաշառքի վերաբերյալ անստորագիր փաստաթուղթ, որտեղ արձանագրված էր Գեղարքունիքի մարզում ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի հաշվետվությունը։ ԱԱԾ հաղորդագրության մեջ, սակայն, այս փաստաթուղթը ներկայացված չէր, քանի որ այն, ամենայն հավանականության, քրեական գործի նախաքննության նյութերից է, եւ, ըստ ամենայնի, հրապարակման ենթակա չէ։ ԱԱԾ-ից փորձել ենք տեղեկանալ՝ արդյոք վերոհիշյալ փաստաթուղթը գործի նյութերից է, եւ եթե այո, ապա ինչպես է այն հայտնվել համացանցում։ Մինչ հարցման պատասխանը ստանալը՝ անդրադառնանք այդ փաստաթղթի՝ ֆոտոշոփով սարքված լինելու պնդումներին։

Մինչ հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական տեղեկություն կլիներ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն հետախուզական աշխատանքներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Ընտրակաշառքի վերաբերյալ հիշյալ փաստաթուղթը ֆեյսբուքում սկսեց շրջանառվել Աբովյանի ուղիղ եթերից քիչ անց: Այն տարածեցին նաեւ ԱԺ իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Փաստաթղթի արագ տարածումը, իհարկե, անարձագանք չմնաց։ Ֆեյսբուքյան օգտատեր Արարատ Պետրոսյանը մի հրապարակում արեց, ըստ որի՝ լուսանկարը կեղծ է և պատրաստված է photoshop ծրագրի միջոցով:

Վերջինիս հրապարակումը ևս լայն տարածում գտավ: Հրապարակմամբ կիսվել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը: Վերջինս նաև Ազատություն ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծականի եթերում նշեց, որ իր ֆեյսբուքյան պատին արդեն իսկ կա ապացույցը, որ փաստաթուղթը կեղծ է և photoshop ծրագրի միջոցով է հավաքված եղել: Նա նշեց, որ դրանում համոզվելու համար կարող են նայել իր ֆեյսբուքյան էջի հրապարակումը:

Հասկանալու համար՝ արդյոք հնարավոր է այս եղանակով ստուգել փաստաթղթի photoshop ծրագրի միջոցով հավաքված լինելը, նախ պետք է հասկանանք թե ինչ կայքի միջոցով է կատարվել ստուգումը և ինչ է լուսանկարի մետատվյալը:

Յուրաքանչյուր լուսանկար պարունակում է մետատվյալ, որը տեսանելի չէ, սակայն պարունակում է մի շարք տվյալներ նկարի մասին: Օրինակ՝ որտե՞ղ է նկարվել լուսանկարը, ե՞րբ է նկարվել, մշակվե՞լ է ֆոտոշոփով, թե՞ ոչ և այլն: Լուսանկարի մետատվյալները կարդալու համար կան մի քանի հարթակներ, որոնցից մեկից էլ օգտվել է ֆեյսբուքի օգտատերը:

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ֆեյսբուք սոցիալական ցանց ներբեռնած լուսանկարի մետատվյալները կա՛մ ջնջվում են ավտոմատ կերպով, կա՛մ էլ փոփոխվում են, հետևաբար ֆեյսբուք սոցիալական ցանցից ներբեռնած լուսանկարի մետատվյալները հնարավոր չէ պարզել նշված կայքի միջոցով:

Բացի այդ photoshop ծրագրով մշակված լուսանկարների ստորագրությունը լինում է Adobe Photoshop CS6 (Windows) ձևով և ոչ պարզապես Photoshop 3.0: 

Օրինակ առաջին լուսանկարը, որը ներբեռնվել է համակարգչից, նշվում է, որ օգտագործվել է Adobe Photoshop CS6 ծրագիր: Բացի այդ նկարի մասին տալիս է մի շարք  այլ տվյալներ, այդ թվում ամսաթվի և ժամի մասին:

Եթե նույն լուսանկարը ներբեռնենք ֆեյսբուք սոցիալական ցանց, ապա տեղադրենք նույն կայքում, կստանանք հետևյալ պատկերը:

Երկրորդ լուսանկարում տեսնում ենք, որ մետատվյալները կա՛մ ջնջվել են, կա՛մ փոփոխվել:

Այսպիսով՝ Արման Աբովյանի պնդումները, որ սա ապացույց է փաստաթղթի ֆոտոշոփով պատրաստված լինելու մասին, հնարավոր չէ պարզել այս մեթոդով:

Հետևաբար՝ հնարավոր չէ նաև այս մեթոդով պարզել՝ արդյոք ֆեյսբուք սոցիալական ցանց ներբեռնված լուսանկարը մշակվել է ֆոտոշոփով, թե ոչ:

Այնուամենայնիվ՝ փաստաթուղթը photoshop ծրագրի միջոցով կեղծելու անհրաժեշտություն նույնիսկ չէր էլ կարող լինել, քանի որ անստորագիր փաստաթուղթը կարելի է ուղղակի հավաքել word ծրագրի միջոցով և տպագրել: Այլ հարց է, թե որտեղից է փաստաթուղթը հայտնվել համացանցում և եթե փաստաթուղթը  քրեական գործի նախաքննության նյութերից է, ապա ինչպես է հայտնվել ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ ձեռքում: Այս և այլ հարցերի վերաբերյալ հարցումով դիմել ենք ԱԱԾ, որի պատասխանը ստանալուց հետո հանդես կգանք հրապարակմամբ: 

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել