ԱԱԾ-ն համացանցում ԲՀԿ-ին առնչվող քրգործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ
15:25 - 22 հունիսի, 2020

ԱԱԾ-ն համացանցում ԲՀԿ-ին առնչվող քրգործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերի բացահայտման մասին իրենց տարածած հաղորդագրությունը համացանցում քրեական գործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ։ Այս մասին Infocom.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից։

Սույն թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ ժամը 10։44-ին, «Անհերքելի փաստեր» անունով ֆեյսբուքյան էջը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված էր Գեղարքունիքի մարզի N8 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բաժանած ընտրակաշառքի մասին հաշվետվություն։

Այդ փաստաթուղթը մեծ արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում, այն իրենց անձնական էջերում տեղադրեցին նաեւ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Нет описания фото.

Նույն օրը՝ ժամը 16։00-ի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող դեպքեր բացահայտելու մասին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր, որ բացահայտվել են ԲՀԿ մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաեւ ԲՀԿ օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: 

Այս հաղորդագրությանը կից հրապարակվեց նաեւ տեսանյութ, որտեղ իրավապահները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում։ Տեսանյութում ներառված էին կադրեր նաեւ վերոնշյալ բացահայտումներին վերաբերող փաստական տվյալներ՝ տեղեկանքներ, գրություններ եւ այլն։ Սակայն համացանցում հրապարակված փաստաթուղթը բացակայում էր․ այն չկար ոչ հաղորդագրության տեքստին կից, ոչ էլ տեսանյութում։

Սակայն հաջորդ օրը, երբ խորհրդարանում քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, վերջինս ԱԺ ամբիոնից պատագամավորներին ներկայացրեց հարուցված քրեական գործի փաստական տվյալների մասին տեղեկություններ՝ այդ թվում ընթերցելով նաեւ վերոհիշյալ փաստաթղթում առկա տվյալները։

Եւ չնայած ԲՀԿ-ական պատգամավորները ակտիվորեն պնդում էին, թե այդ փաստաթուղթը «սաքված է, ֆոտոշոփ է», այդուհանդերձ հանրության շրջանում հարց առաջացավ՝ ինչպես է, ըստ ամենայնի, նախաքննության նյութ հանդիսացող այդ փաստաթուղթը համացանցում հայտնվել՝ նախքան ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։

Infocom-ը ԱԱԾ-ից փորձեց պարզել՝ արդյոք այդ հաշվետվությունը համարվո՞ւմ է ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված քրեական գործի նյութ, արդյոք այն հրապարակման ենթակա՞ էր, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ ներառված չէր հաղորդագրության մեջ, եթե հրապարակման ենթակա չէր, ապա ինչպե՞ս էր հայտնվել համացանում, եւ ի վերջո եթե հրապարակման ենթակա չէր եւ հայտնվել էր համացանցում, ապա արդյոք նյութեր նախապատրաստվո՞ւմ են կամ նախաքննության նյութեր հրապարակելու համար քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։

ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ նշված փաստաթղթերի պատճենները, այո, համարվում են հունիսի 14-ին իրենց տարածած հաղորդագրության մեջ նշված քրեական գործին կից նյութեր, սակայն դրանք հաղորդագրության մեջ չեն ներառվել, քանի որ տեղեկության բովանդակությունը եւ ծավալը որոշում է Ծառայությունը։

Իսկ ինչ վերաբերում է տեղեկության հրապարակմանը, ապա, ինչպես նշել են ԱԱԾ-ից, օրենսդիրը նախաքննության որեւէ փուլում չի բացառում հրապարակայնության սկզբունքի կիրառումը, քանի որ հասարակությունը որոշակի պահանջ ունի տեղեկացված լինելու քրեական գործերի քննության ընթացքի մասին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների ուժով նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։

ԱԱԾ-ն անհրաժեշտ է համարել ընդգծել նաեւ, որ նախնական քննության սահմանափակ տվյալների հրապարակումը կարող է հետապնդել նաեւ հասարակության աջակցությունը ստանալու՝ մասնավորապես տեղեկություններ ձեռք բերել կատարված նմանատիպ այլ դեպքերի մասին, ամբողջությամբ բացահայտել կոռուպցիոն մեխանիզմները, պարզել նմանատիպ դեպքերին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը։ 

Ուստի, ըստ ԱԱԾ-ի, նախաքննության մարմինը գործել է բացառապես հարուցված քրեական գործի համակողմանի եւ արդյունավետ քննությունն ապահովելու, նախաքննության խնդիրներն արդյունավետ իրագործելու հանրային շահով, որով, Ծառայության պնդմամբ, ակնհայտորեն չի խախտվել նաեւ որեւէ անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը։

ԱԱԾ-ն փաստում է, որ համացանցում հրապարակված տվյալները տվյալ փուլում չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի այս կապակցությամբ համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում գործով վարույթ չի նախաձեռնվել։

Նշենք, որ ԱԱԾ մեջբերած՝ ՀՀ ՔԴՕ 201-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանված է, որ անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին:

Հիշեցնենք, որ Infocom-ն անդրադարձել էր նաեւ ԲՀԿ-ականների այն պնդումներին, թե վերոհիշյալ փաստաթուղթը ֆոտոշոփով է ստացվել։ Մասնավորապես, հունիսի 14-ին ֆեյսբուքյան օգտատեր Արարատ Պետրոսյանը մի հրապարակում արեց, ըստ որի՝ լուսանկարը կեղծ է եւ պատրաստված է photoshop ծրագրի միջոցով: Հասկանալու համար՝ արդյոք հնարավո՞ր է Պետրոսյանի ներկայացրած եղանակով ստուգել փաստաթղթի՝ photoshop ծրագրի միջոցով հավաքված լինելը, մենք ներկայացրել էինք, որ նախ պետք է հասկանանք թե ինչ կայքի միջոցով է կատարվել ստուգումը եւ ինչ է լուսանկարի մետատվյալը: Թեմայի վերաբերյալ նյութը կարող եք կարդալ այստեղ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել