ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն
 |armtimes.com|
19:35 - 22 հունիսի, 2020

ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ¼-ի կողմից ներկայացված նախագիծը ընդունվելուց հետո այն չի ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, այլ միանգամից կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին տեղեկացրեց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը:

«Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,- ասաց Հովակիմյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ներկայացված առաջարկը ուշագրավ է: «Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որեւէ դեպք չի եղել, երբ որեւէ պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որեւէ տեքստ: Գուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սահմանադրության այս կամ այն նախագիծն այն ժամանակ ընդունվում էր հանրաքվեի միջոցով: Բայց տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելը չպիտի պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի կողմից ստորագրությամբ կամ հրապարակմամբ»,- ասաց նա:

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց փոփոխություններին:

Նույն նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի առաջարկով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծում կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում: Այս փոփոխությունը եւս դրական եզրակացություն ստացավ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել