Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|
12:10 - 24 հունիսի, 2020

Խորհրդարանը քննարկում է ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին հարցը:

Oրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 248.2 մլն դոլար արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի` 2020թ. մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել ընդհանուր 105 մլն դոլար ծավալով փոխառու միջոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի շրջանակում հավելյալ 175 մլն դոլար ներգրավելու հայտը»,- ասաց Հայրապետյանը:

Հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը:

«Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 280 մլն դոլար ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 35 մլն դոլար հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում»,- նշեց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել