Մարիա Կարապետյան. «Այս քննիչ հանձնաժողովը դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է»  |hetq.am|
20:17 - 03 հուլիսի, 2020

Մարիա Կարապետյան. «Այս քննիչ հանձնաժողովը դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է» |hetq.am|

hetq.am: 

Խորհրդարանական ընդդիմությունը` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, ձևավորել են ժամանակավոր քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է արտակարգ դրության ընթացքում պարետատան կատարած աշխատանքի արդյունավետությունը: Քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսելու է սեպտեմբերին, նախագահելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
 
Թեմայի վերաբերյալ մեր գրավոր հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:
 
Տկն Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը ժամանակավոր քննիչ հանձնաժողով է ձևավորել` այս ընթացքում պարետատան կատարած աշխատանքը և համավարակի սահմանափակումների մեղման ուսումնասիրման համար, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նման հանձնաժողովի ստեղծմանը:
 
-Վարչապետից և առողջապահության նախարարից մինչև կամավոր հիմունքներով իրազեկման աշխատանքներ կատարող քաղաքացիներ զբաղված են հանրային առողջության պահպանման և բառացիորեն կյանքեր փրկելու գործով։ Այս ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը որոշել է քննել այդ աշխատանքների, ուշադրությո՛ւն՝ արդյունավետությունը։
 
Այս քննիչ հանձնաժողովը այսօր դեռևս իրականացվող միջոցառումների նկատմամբ թերահավատություն սնելու և դրանք սաբոտաժի ենթարկելու փորձ է։ Փոխանակ հանրային ուշադրությունը սևեռելու դիմակ կրելու անհրաժեշտության վրա` ընդդիմությունը պատրաստվում է քննել, թե, օրինակ, ինչո՞ւ դիմակ կրելը պարտադիր չէր բոլորի համար այն ժամանակ, երբ դիմակները չէին բավականացնում նույնիսկ բուժաշխատողներին, կամ երբ առհասարակ տնից դուրս գալը չէր խրախուսվում։ Միջոցառումների արդյունավետությամբ իրապես շահագրգռված ցանկացած պաշտոնյա այսօր պետք է այդ միջոցառման ջատագովը լիներ, այլ ոչ թե դրա դեկոնստրուկցիայով, դրա նկատմամբ թերահավատություն սնելով զբաղվեր՝ «բա ինչո՞ւ այն ժամանակ․․․» հարցադրումներով։
 
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբավորումը առհասարակ վերջերս զբաղված էր ցույց կազմակերպելով՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։ Եվ նրանք պատրաստվում են քննել միջոցառումների արդյունավետությո՞ւնը։
 
«Իմ քայլը» խմբակցությունում այս հարցն արդեն քննարկվե՞լ է, թե՞ ոչ, կա՞ որոշում` խորհրդարանական մեծամսնությունն անդամակցելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ:
 
-Այս հարցը խմբակցությունում դեռևս չենք քննարկել։
 
Խորհրդարանական մեծամասնությունն ունի՞ մտահոգություն, որ հանձնաժողովի կատարած աշխատանքի հետևանքով բացահայտվեն պարետատան այնպիսի թերացումներ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել:
 
-Ես համոզված եմ, որ պարետից մինչև թեժ գծի օպերատոր և առողջապահության նախարարից մինչև յուրաքանչյուր բուժաշխատող անում են ամենը, որ փրկեն կյանքեր։ Երբ Ազգային ժողովում քննարկվում էր կոնտակտավորների տեղորոշման մեխանիզմը, պարետատունն էր, որ խնդրում էր խորհրդարանից հավանություն տալ մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափ այդ մեխանիզմին՝ ընդգծելով, որ փրկված թեկուզ մեկ կյանք բավական է այդ մեխանիզմը արդյունավետ որակելու համար։
 
 
Ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել