Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել
21:45 - 13 հուլիսի, 2020

Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Հուլիսի 10-ին «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանդես է եկել արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներով։

Չալաբյանը, նշելով, որ նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարձգելու անհրաժեշտության մասին, հիշեցրել է ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։

Չալաբյանը գրել է, թե օրենքի այս մասը ենթադրում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում․

«Ես վարչապետ Փաշինյանին առաջարկում եմ բոլորիս բացատրել, թե այսօր սահամանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը համավարակի մասին է, ապա այն որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի»։

Գրառման հեղինակը ճիշտ է, Սահմանադրության 120-րդ հոդվածն այդպիսի սահմանում տալիս է, սակայն նա չի նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը հստակեցնում է, թե որ դեպքում է հայտարարվում արտակարգ դրություն։

Ըստ նշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները»:

Իսկ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում էլ նշված է, որ արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Կորոնվիրուսի պատճառով առաջացած իրավիճակն, ըստ էության, արտակարգ է․ աշխարհում հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա՝ համավարակ, որը վտանգավորության եւ տարածվածության ավելի բարձր աստիճան ունի, քան համաճարակը։ Եւ դեռեւս հունվարի 31-ին, երբ աշխարհում վարակվածների թիվը տասը հազար էր, իսկ մահերը 213-ն էին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ էր հայտարարել։

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգին, ապա, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմադիր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար, իրավաբան Էդմոն Մարուքյանը, համաճարակը եւս կարող է սպառնալ սահմանադրական կարգին, քանի որ սահմանադրական կարգ են համարվում Սահմանադրության առաջին գլխում ամրագրված արժեքները։ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածով սահմանվում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունները, իսկ համավարակը սպառնում է երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, նրանց առողջությանն ու անվտանգությանը, սոցիալական կյանքին։ Ըստ Մարուքյանի՝ սա նշանակում է, որ համաճարակը սպառնում է նաեւ երկրի սահմանադրական կարգին։

Անդրադառնալով Չալաբյանի պնդմանը, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե՛ նրա տարածման դեմ պայքարի, թե՛ բուժման միջոցները, նշենք, որ համավարակի տարածման դեմ պայքարի միջոց է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, մեկուսակցումը, ինքնամեկուսացումը, տնտեսվարող որոշ սուբյեկտների գործունեության դադարեցումը, որոշակի միջոցառումների, հավաքների արգելումը կամ սահմանափակումը, եւ այլն։ Իսկ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին միտված այս գործողությունները առավել դժվար կլինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի, քանի որ կարիք կլինի պարտադիր դիմակ դնելու, կամ այլ պահանջների համար առանձին օրենսդրական կամ իրավական ակտեր մշակել։ 

Բացի այս, Հայաստանում վարակակիրների թիվը ամեն օր հասնում է մի քանի հարյուրի, ինչը նշանակում է, որ դեռեւս չի վերացել բնակչությանը սպառնացող վտանգը։ 

Այսօր էլ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգելու հարցը, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացած չեն: Ավինյանի խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների` գնահատվում է, որ, չնայած նվազմանը, այնուամենայնիվ սեպտեմբերի սկզբին վարակման դեպքերի թիվը օրական մոտ 140 կլինի։ 

Չալաբյանն իր գրառման մեջ նշել է նաեւ, թե արտակարգ դրությունը այս չորս շաբաթների ընթացքում կառավարությունն օգտագործել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ եւ Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, եւ այլն։

Գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագիծն իսկապես խնդրահարույց է եղել, դրա ընդունումից հետո տարաբնույթ քննարկումներ են եղել, հնչել են սուր քննադատություններ, սակայն ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը, ապա սա խնդրահարույց է եղել կոնկրետ շրջանակների համար․ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու եւ նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ փաստական ապացույցներ են եղել, որոնք Ազգային ժողովում մանրամասն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ զեկուցելով համապատասխան միջնորդությունը։

Իսկ ահա ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, հարկ է նշել, որ շահարկվեց այն կոնտեքստում, թե նախատեսվում է բուժաշխատողների իրավական կարգավիճակը վատթարացնող կարգավորում։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ խորհրդարանն ընդունեց կարգավորում, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը՝ ԱՆ-ն, հիմա այս նույն կարգավորումն առաջարկվում է նաեւ համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։ Խորհրդարանական իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի պնդմամբ՝ նախագիծն իսկապես հրատապ է, քանի որ համավարակային այս իրավիճակը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չի լինի ապակենտրոնացված, չի լինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս կարգավորումը, պատգամավորի համոզմամբ, ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետեւ առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու եւ համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։

Քննադատության հիմնական կետն այն է, որ նախագծով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին, հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։ 

Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ վերջերս փոփոխություն են արել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում», եւ այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Եւ մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաեւ ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչեւ բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, պատգամավորի խոսքով, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։ 

Ըստ այդմ՝ քննարկվելիք նախագծի նպատակն ամենեւեին էլ բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար չէ։

Այսպիսով, Չալաբյանի պնդումները, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, եւ նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի, իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ հայտարարությունը, թե կառավարությունն արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է՝ վիճահարույց նախագծեր ընդունելու համար, առնվազն խնդրահարույց է։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել