ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն առոչինչ է, խորհրդի մի քանի անդամներ նիստի չեն հրավիրվել. Համլետ Թադևոսյան
21:47 - 18 հուլիսի, 2020

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն առոչինչ է, խորհրդի մի քանի անդամներ նիստի չեն հրավիրվել. Համլետ Թադևոսյան

Այսպիսով՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է առանց խորհրդի անդամներին օրենքով սահմանված կարգով հրավիրելու, ինչի հետևանքով խորհրդի մի քանի անդամներ նույնիսկ տեղյակ չեն եղել, հետևաբար՝ մրցույթի արդյունքներն առոչինչ են, և ՀՀ կառավարությունը պետք է դրանք անվավեր ճանաչի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը:

«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է. խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի: Հայտնում եմ, որ, լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը:

Սակայն, այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է կամ որ մենք հրավիրվում ենք նիստի: Հիշեցնեմ նաև, որ համաձայն ռեկտորի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի, «խորհրդի նիստը հրավիրում է խորհրդի նախագահը՝ ապահովելով խորհրդի անդամների և հավակնորդների մասնակցությունը»:

Այնուհետև հեռուստատեսությամբ պատահաբար տեսնում եմ, որ խորհրդի անդամների մի մասն արդեն ռեկտոր է ընտրել, և միայն նիստը սկսելուց հետո հայտնել են, որ րոպեներ առաջ արգելանքը հանվել է:
Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես են տեղեկացվել նիստին ներկա հարգելի գործընկերներս, հավանաբար անհատապես տարբեր մարդկանցից ոչ ֆորմալ տեղեկություններ են ստացել, որովհետև պաշտոնական նամակագրությունն ընդհանուր է:

Թեև, ըստ կարգի, նիստը պետք է հրավիրեր խորհրդի նախագահը, սակայն, կարծում եմ՝ նա ֆիզիկապես չէր կարող դա անել, որովհետև խուճապահար ռեժիմով արգելանքը հանելու մասին որոշումը ստացել է նիստի մեկնարկից րոպեներ առաջ»,-ասված է գրառման մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել