Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող դատավոր Արա Կուբանյանը չի ընդունում մեղադրանքը |hetq.am|
17:33 - 20 հուլիսի,2020

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող դատավոր Արա Կուբանյանը չի ընդունում մեղադրանքը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր, ժամը 18:00-ին։ Այս մասին ասաց Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Վերջինս նշեց, որ Արա Կուբանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Դատավորի մեղադրանքն առնչվում է 2020 թվականի փետրվարին տեղի ունեցած ենթադրյալ արարքին, այսինքն՝ այն ժամանակահատվածին, երբ Կուբանյանը եղել է սնանկության դատարանի դատավոր։

Մեր հարցին, թե, ըստ մեղադրանքի, կոնկրետ ի՞նչ ձևով է արտահայտվել պաշտոնական լիազորությունը չարաշահելը, Կրոմվել Գրիգորյանը պատասխանեց, թե իրենք էլ մեղադրանքի որոշումից գլուխ չեն հանում, նշեց, որ դիմել են քննիչին, որպեսզի մեղադրանքը պարզաբանի, սակայն մինչև հիմա չի պարզաբանել։

Թե կոնկրետ ինչպե՞ս է ձևակերպված Կուբանյանի մեղադրանքը և ի՞նչն իրենց համար պարզ չէ, պաշտպանն այս պահին չցանկացավ պարզաբանել, միայն ասաց, որ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Միանշանակ, մեղադրանքը չի ընդունում, ինքը որևէ հանցավոր արարք չի կատարել»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը և նշեց, որ ԱԱԾ-ում Կուբանյանի վերաբերյալ քննվող գործում արդեն իսկ առկա են նրան առաջադրված մեղադրանքի հակափաստարկները։

Գործով, որով անցնում է Արա Կուբանյանն, այսօր սնանկության դատարանի մեկ այլ դատավոր՝ Գևորգ Նարինյանը կալանավորվել է։ Ի թիվս այլ հոդվածների, վերջինիս մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հոդվածով։ Հարցին՝ Գևորգ Նարինյանը Արա Կուբանյանին օժանդակելու մե՞ջ է մեղադրվում, Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ Նարինյանի մեղադրանքին ծանոթ չէ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել