ՄԱԿ-ը զգուշացնում է կորոնավիրուսի պատճառով կրթության աղետալի ձախողման մասին |hetq.am|
10:06 - 05 օգոստոսի, 2020

ՄԱԿ-ը զգուշացնում է կորոնավիրուսի պատճառով կրթության աղետալի ձախողման մասին |hetq.am|

hetq.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կրթության ընթացքում դադարները, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով, կարող են, ամենայն հավանականությամբ, արհավիրք դառնալ մոլորակի բնակչության մի ամբողջ սերնդի համար։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ ՄԱԿ-ի կայքում հրապարակված տեսաուղերձի ընթացքում Գուտերեշը հայտարարել է, որ աշակերտների անվտանգ վերադարձը դպրոցներ պետք է դառնա մոլորակի գլխավոր առաջնահերթությունը։

 

 

2020 թվականի հուլիսի կեսի դրությամբ՝ աշխարհի 160 երկրներում դպրոցները փակ են մոտ 1 միլիարդ աշակերտների համար, իսկ մոտ 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից։ Ընդ որում, մինչև կորոնավիրուսի համավարակը 250 միլիոն երեխայի համար կրթությունը հասանելի չէր, իսկ զարգացող երկրների միջնակարգ դպրոցների աշակերտների երեք չորրորդը թողել են դպրոցն առանց բազային գիտելիքների։

«Ներկայումս մենք կանգնած ենք մի ամբողջ սերնդի կրթության տապալման առաջ, որի պատճառով կարող է կորչել մարդկային չբացահայտված պոտենցիալ։ Բացի այդ, կարող է ընդհատվել վերջին տասնամյակների զարգացումը և սրվել անհավասարությունը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի խորհուրդները դպրոցներ երեխաների անվտանգ վերադարձի համար։

Իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ Հնդկաստանում։ Վերջին օրերի ընթացքում այնտեղ գրանցված վարակման նոր դեպքերի թիվն ավելի շատ է, քան աշխարհի որևէ այլ երկրում։ Օգոստոսի 3-ի դրությամբ նոր դեպքերի թիվը գերազանցում է 50 000-ը, ևս 800-ը մահացել են։ 

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,85 միլիոնի։ Երկրի որոշ շրջաններում առկա տագնապալի իրավիճակին գումարվում են նաև հորդառատ անձրևները և ջրհեղեղները։

Այդուհանդերձ, նոր դեպքերի աճի ֆոնին երկրում շարունակում են բացել տնտեսությունը։ Մասնավորապես, այցելուներին նորից կընդունեն մարզասրահները և յոգայի կենտրոնները։ Շուրջ երկու ամիս տևած խիստ կարանտինը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, սակայն հունիսի սկզբներից իշխանությունները սկսել են հանել սահմանափակումները մասնավոր ոլորտի համար։

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել