ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին
18:10 - 17 օգոստոսի, 2020

ԿԳՄՍ որոշումը շատ սխալ է և խոցելի, այն հնարավոր է բողոքարկել․ Սմբատ Գոգյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի վարչական բողոքները բավարարելու որոշման մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կարծիքով՝ ԿԳՄՍՆ-ի՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանի պահպանման վերաբերյալ որոշումը հնարավոր է դիտարկել դատական կարգով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Գոգյանն ասաց, որ կհետաքրքվեն նաև, թե արդյոք հնարավո՞ր է կառավարությունը բողոքարկի այս որոշումը, որովհետև այն շատ սխալ և խոցելի է․

«Ընթացքի վերաբերյալ, ինչպես ասացի, նախարարից ստացել էինք գրություն՝ «Ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը»։ Այսինքն, եթե սա դիտարկում ենք որպես նախարարից ստացած հստակ հանձնարարական, և եթե այն չկատարեինք, ապա մենք, և կոնկրետ ես կլինեի հանցավոր անգործության մեղավոր։ Մենք կատարել ենք նախարարի հանձնարարականը, այլ բան, թե դրանում ում են նկատի ունեցել՝ տիկին Դիանա Գալոյանի՞ն, թե՞ մեկ այլ անձի։

Ես՝ որպես գիտնական, կարող եմ ասել, որ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձիք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Ես երբևէ թույլ չեմ տվել մեկնաբանել, քանի որ սա իմ կարծիքն է։ Եւ այդ մարդիկ, որոնք հիմա գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք և փաստացի գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործառույթներից դուրս է այդ ամենին գնահատական տալը, ես համբերատարորեն լռում եմ և պարզապես հույս ունեմ, որ մի օր նրանց փոխարեն կգան իսկապես վարչարար, ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք բուհական համակարգը կհանեն այս վիճակից»։

Ինչ վերաբերում է գրագողությանը՝ Սմբատ Գոգյանը վերահաստատեց, որ սրա դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է, որովհետև, եթե իրենք թողնում են, որ գիտական կառույցներում լինեն գրագող ղեկավարներ, ապա ԲՈԿ-ն ինչպե՞ս կարող է բեկանել ատենախոսությունները, որոնց մեջ կա գրագողություն․

«Մինչդեռ մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը, և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական։ Ե՛վ Ռուբեն Հայրապետյանի, և՛ Դիանա Գալոյանի, և՛ Գագիկ Գալստյանի դեպքում մենք ունեցել ենք վարչապետից նախարարությանն ուղղված հանձնարարություն, որոնց էլ նախարարությունը ընթացք է տվել։ Կոնկրետ Հայրապետյանի և Գալստյանի դեպքում գրությունները մակագրվել են ԲՈԿ-ին, իսկ Գալոյանի դեպքում նախարարության ռեսուրսներով է այդ ամենն իրականացվել։

Արդեն երեք ամիս է՝ բարձրաձայնել եմ մի խնդիր, բայց ոչ մեկից դեռ պատասխան չեմ ստացել, թե արդյոք նորմա՞լ է, որ մարդու դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողովում ներգրավված են թեկնածուականի գիտական ղեկավարը, նրա մենագրության համահեղինակը և այդ պահին նրա հետ գրանտային, համատեղ ֆինանսական գործունեություն ծավալող թիմի անդամը։ Այս հարցերի պատասխանը չունեմ, դա իհարկե գիտական էթիկայի խնդիր է, և ԲՈԿ-ը հետևում է գիտական էթիկայի կանոններին»։ 

Այն հարցին, թե արդյոք Գոգյանը հանդիպե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՈԿ նախագահը պատասխանեց․ 

«Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասություններ, որոնք գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման, զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի։ Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Բայց այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է, և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա։ Պարբերաբար վարչապետի օգնականների և խորհրդականների միջոցով փորձում եմ հիշեցնել վարչապետին այս հարցի մասին»։

Օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք այս ամենը Գալոյանի հանդեպ ունեցած անձնական վերաբերմունքի դրսևորում չէ՞, Գոգյանը նշեց, որ եթե ունենար անձնավորված վերաբերմունք, չէր գրի ազաման դիմում, որից հետո, քանի որ վարչապետը չի ստորագրում այն, ինչ-որ քայլեր կձեռնարկեր։

«Ես, լինելով բավականաչափ խելամիտ անձնավորություն, հակառակը՝ կկայացնեի իմ որոշումները, հետո նոր կհեռանայի աշխատանքից։ Ես չէի պատկերացնում, որ մայիսի 14-ին, գրելով աշխատանքից ազատման դիմում, շարունակելու եմ աշխատանքի գալ մինչև այս պահը։ Պետք է միայն մի բան փաստել, որ տիկին Գալոյանը որևէ բովնադակային առարկություն չի ունեցել իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ»,- եզրափակեց Գոգյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել