Տպավորություն է, որ ապրիլյան պատերազմի օրերին ինչ-որ հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը․ Քրիստինե Պողոսյան |lragir.am|
13:18 - 21 օգոստոսի, 2020

Տպավորություն է, որ ապրիլյան պատերազմի օրերին ինչ-որ հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը․ Քրիստինե Պողոսյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ։

Սերժ Սարգսյանը նախքան ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացության հրապարակումը հանդես եկավ ասուլիսով: Ինչպե՞ս եք դա գնահատում և արդյոք ձեզ համար ինչ-որ բան պարզ դարձավ այդ ասուլիսից:

Մեզ համար ասուլիսը որևէ ուղենիշ չի և չի կարող լինել: Ինչ հարցեր մենք ունեցել ենք, մենք տվել ենք քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Մնացած բոլոր հարցերի պատասխանները մենք փաստաթղթային հարցումներով ենք ստացել: Սերժ Սարգսյանի ասուլիսը չի ազդել և չի կարող ազդել մեր աշխատանքների կամ եզրակացությունների վրա: Որքան էլ Սերժ Սարգսյանը ջանում է քաղաքականացնել մեր հանձնաժողովի աշխատանքը, մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ՝ հիանալի է դրսևորել իրեն հանձնաժողովը, որևէ քաղաքական երանգ չի տվել իր աշխատանքներին, և Սերժ Սարգսյանի ասուլիսը չի կարող մեզ դրդել, որ շեղվենք մեր ուղեծրից:

Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ ստե՞լ է, երբ ասել է՝ տեղյակ չեն եղել ապրիլյան պատերազմ սկսելու մասին:

Ես չեմ ուզում նման բառ օգտագործել՝ ստել է, թե չի ստել: Ես ուղղակի համեմատեցի հրապարակային հայտարարություններն իր խոսքի հետ: Ինքն ասում էր՝ տեղյակ չենք եղել, ես էլ ասում եմ՝ 2016 թվականի ապրիլին կառավարության հարցուպատասխանի ժամանակ Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնից ասաց, որ տեղյակ են եղել, տիրապետել են այդ ինֆորմացիային և հենց դա էլ օգնել է տղաներին կազմակերպել պաշտպանությունը: Հիմա թե ինչու կան այդպիսի հակասություններ, թողնում եմ հետևություն անողներին:

Կարծում եք՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ամփոփման հե՞տ էր կապված Սերժ Սարգսյանի կողմից ասուլիս հրավիրելու այս շտապողականությունը:

Ինքը հերթական ոչ հեռատես և ժամանակավրեպ քայլն է անում, երևի նախահարձակ է լինում հանձնաժողովի զեկույցից առաջ, բայց նորից եմ ասում, որ իր ասուլիսը, եթե դա առհասարակ ասուլիս կարելի է կոչել, որևէ կերպ չի կարող ազդել մեր հանձնաժողովի եզրակացության վրա:

Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ վրիպել է՝ ասելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան վառելիքի խնդիր է ունեցել: Կարեն Կարապետյանը նույնպես եղել է ձեր հանձնաժողովում, նա այդ նույն խոստովանությունը ձեզ է՞լ է արել:

Այս ամբողջ մեկ տարվա ընթացքում մեր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, անկեղծորեն ձեզ կասեմ, որ ինձ մոտ տպավորություն էր, որ երկրում մի թևը տեղյակ չի եղել մյուս թևից, մի նախարարը տեղյակ չէր մյուս նախարարի աշխատանքից, նախագահը տեղյակ չէր, թե իր նախարարներն ինչ են խոսում, իր վարչապետն ինչ է ասում: Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ ինչ-որ հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը: Եթե իհարկե դրա տակ ավելի խորը բաներ չեն թաքնված, օրինակ, փորձելով ցույց տալ, թե ոչնչից տեղյակ չեն, թաքցնում են ինչ-որ բաներ: Նախկին նախագահը ասուլիսում հայտարարում է, թե չգիտի, թե ինչու է իր վարչապետը նման բան ասել, վարչապետն էլ մեր հանձնաժողովում է ասում՝ ես չգիտեմ, թե ինչի եմ ասել, որ վառելիք չկա:

Ձեր հանձնաժողովում բոլոր նախկին պաշտոնյաների ասածների միջև հակասություննե՞ր են եղել:

Ոչ, ես նման բան չասացի: Այո, եղել են բաներ, որ հակասություններ են առաջացրել, նման դեպքերում բնականաբար դա մեր ուշադրությունը գրավում էր և մենք փորձում էինք այլ անձանց միջոցով, նաև փաստաթղթային աղբյուրներից ճշգրտումներ անել: Բոլոր հակասությունները, որոնք եղել են, մենք դրանց պատասխանները ստացել ենք:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել