Հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա. Լիդիան
17:31 - 21 օգոստոսի, 2020

Հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա. Լիդիան

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում։

Երկու տարուց ավելի իրավապահ մարմինների թողտվությունը և սեփական անպատժելիությունը վայելող այս խմբավորումն արդեն տևական ժամանակ խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող մարդկանց, այդ թվում սեփական համայնքի բնակիչների սննդի մատակարարումը, կեղտաջրերի և աղբահանության մեքենաների ազատ ելումուտը` ստեղծելով հումանիտար լուրջ խնդիր։

«Լիդիանը» ստիպված էր սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները` տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար:

Իրավապահ մարմիններին, ՀՀ կառավարությանը հիշեցնում ենք, որ օրինական գործունեության բոլոր իրավունքներն ունեցող «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագրի տարածքում աշխատում են աշխատելու օրենսդրական իրավունքներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` շրջակա համայնքների բնակիչներ։ Նրանց աշխատանքի, անվտանգության, կյանքի երաշխավորը պարտավոր է լինել ՀՀ կառավարությունը՝ հանձին իրավապահ մարմինների։

Մինչդեռ անարգել ապօրինություն իրականացնող խմբավորւմը խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների կենսական կարիքների հոգալուն և սպառնալիք է դարձել այդ համայնքների բնակիչների համար։ «Լիդիանը» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է իր աշխատակիցների անվտագության ապահովման համար։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները և ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել