Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան
19:25 - 04 սեպտեմբերի, 2020

Համայնքների խոշորացումը պետք էր կապել բազմակենտրոնության գաղափարի հետ․ եթե չկա տեղային կենտրոն կոչվածը, անիմաստ է խոշորացման գնալ․ Սարգիս Թովմասյան

Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Սարգիս Թովմասյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։ 

- Պարո՛ն Թովմասյան, դեռեւս 2011-ին Ձեր համատեղ հետազոտություններից մեկում («Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացում, համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցություն»), խոսելով խոշորացվող համայնքների մոդելի մասին, ասում եք, որ խոշորացված համայնքը պետք է տարաբնակեցման համակարգի տեղային կենտրոն ունենա, այսինքն՝ եթե մի քանի թույլ համայնքներ միացնենք, նրանք զարգացման հեռանկար չունեն, դրա համար պետք է զարգացած կենտրոնի շուրջ միավորեն։ Այս դեպքում խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերրը համաչափ զարգանալու հնարավորություն կունենա՞ն։

- Ամբողջ հանրապետությունում պետք է բնակավայրերի ցանցի բազմակենտրոն մոդելը ձեւավորվի։ Հիմա մենք չունենք այդ մոդելը։ Համաչափ զարգացման ծրագրերը ադյունք չեն տալիս եւ չեն կարող տալ, քանի դեռ մենք չենք անցել բազմակենտրոն համակարգի, որն, իհարկե, տեւական ժամանակ է պահանջում։  Այսօրվա համակարգը ձեւախեղված է։

- Արդյո՞ք խնդիրն այն է, որ խոշորացման ժամանակ միանման մոտեցում չի ցուցաբերվել․ համայնքների մի մասը խոշորացել է փնջային, մի մասը՝ շրջանային սցենարով։

- ժամանակին, երբ կազմում էինք խոշորացման ծրագրերը, ուսումնասիրություններ արեցինք Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի մարզերում, եւ այնտեղ հստակ ֆիքսված էր, թե որտեղ կարելի է հենց հիմա անել խոշորացում, որտեղ՝ տեսանելի ապագայում, որտեղ է պետք ընդհանրապես ձեռնպահ մնալ։ Քանի դեռ տեղային կենտրոնի խնդիրը չենք լուծել, անհնարին եւ անիմաստ է խոշորացման գնալ։ 

Մենք առաջարկում էինք պիլոտային ծրագրերով անել, ամեն մարզում փնջեր ընտրել, որոնք հնարավորինս լավ արդյունք կարող էին տալ, եւ որոշ ժամանակ հետո, երբ արդյունքները կերեւային, անցնել հաջորդ քայլերին։ 

- Այդ դեպքում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը շատ չէ՞ր երկարի։ Հիմա ավելի արագ է տեղի ունենում։ 

- Արագ է, բայց սխալներ են արվում։ Այն, ինչ առաջարկվում էր, ըստ էության, մասամբ է հաշվի առնվել, հաճախ ընդունվել է ավելի շատ քաղաքական որոշում։ Պարզ օրինակ բերեմ․ Շիրակի մարզի խոշորացումները՝ Աշոցքի, Ամասիայի շրջանում։ Այնտեղ ենթակառուցվածք չկա, ոչ մի բան չկա․ ի՞նչ իմաստ ուներ այս պահին խոշորացնել, եթե չէին լուծելու գլոբալ խնդիրը։

Ի վերջո, համայնքը հո համայնքի ղեկավարի պաշտոն ունենալը եւ ընտրություններ ապահովելը կամ տեղեկանք տա՞լը չէ։ Համայնքը ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ այդ փոքր գյուղերում ոչ մի ծառայություն չեն կարող մատուցել․ ո՛չ ենթակառուցվածք ունեն, ո՛չ մարդկային ռեսուրս։ 

- Ձեր նշած մոդելին չե՞ն համապատասխանում այն համայնքները, որոնցում շատ բնակավայրեր են միավորվել, եւ որոնք համեմատաբար զարգացած կենտրոն ունեն (օրինակ՝ Սիսիանը, Կապանը)։

- Դա չափից դուրս մեծ խոշորացում է։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի արգելոցի տարածքում գյուղեր կան՝ Շիշկերտը, Շիկահողը, Ծավը, որոնք փակուղային դիրք ունեն եւ համայնքի կենտրոնից՝ Կապանից, հեռու են։ Կապանն ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ գյուղերի բնակիչներին․ եթե փորձի էլ մատուցել, շատ թանկ հաճույք կստացվի։ 

- Խոշորացման սպասվող արդյունքներից մեկն էլ այն էր, որ ծառայություններն ավելի հասանելի կդառնան բնակիչներին։ Գուցե այդ ծառայությունները պետք է հասանելի դարձնել հենց բնակավայրերո՞ւմ։

- Աշխարհի ամենահարուստ երկրներն էլ այդպիսի ճոխություն իրենց թույլ չեն տալիս, որ բոլոր բնակավայրերում բոլոր ծառայությունները մատուցեն՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ավագ դպրոց, գեղարվեստի դպրոց։ Դա անհնարին ու անիմաստ է ե՛ւ տնտեսապես, ե՛ւ բոլոր առումներով։ Դրա համար պետք է մեխերը ճիշտ խփել, այսինքն՝ այն համայնքներն ընտրել որպես կենտրոն, որոնք պոտենցիալ ունեն ծառայություններ մատուցելու, հասանելի են գոնե կես ժամանոց տիրույթում մնացած բնակավայրերի համար։ 

- Այս համատեսքտում կարեւոր է, որ Ձեր նշած հեռու բնակավայրերը մեծամասամբ չունեն նաեւ նորմալ ճանապարհներ ու տրանսպորտ՝ համայնքային կենտրոն հասնելու համար։

- Այո՛, դրա համար խոշորացումը կարդարացնի, եթե գոնե սահմանափակ բարենպաստ հասանելիության տիրույթում են բնակավայրերը։ Դիլիջանը խոշորացրին, բայց այնտեղ մի քանի գյուղեր կան, որոնք շատ հեռու են քաղաքից․ ի՞նչ իմաստ ուներ դրանք միացնել Դիլիջանին։ 

- Մենք խոշորացման հաջողված օրինակներ չունե՞նք։

- Օրինակ՝ Մեղրին։ Ժամանակին մենք առաջարկեցինք որպես նախկին փոքր շրջկենտրոնի տարբերակ՝ փորձնական վերցնել Մեղրին։ Չգիտեմ՝ խոշորացումն ինչ արդյունք է տվել այնտեղ, որովհետեւ այնտեղ էլ կան ռիսկային, կտրված փակուղային բնակավայրեր։ Բայց համեմատաբար նորմալ վիճակ է։

Խոշորացման իմաստն այն էր, որ բոլոր համայնքները կարողանան համարժեք ծառայություններ մատուցել բնակչությանը։

- Գուցե կառավարությունը փորձել է պարզապես անհատական մոտեցո՞ւմ ցուցաբերել համայնքները խոշորացնելիս։

- Դա անհատական չէ, դա կոչվում է քաղաքական մոտեցում։ Անհատական մոտեցումը պետք է ինչ-որ հիմնավորում ունենա։ Եթե 50 կամ 100 ճնճղուկ հավաքենք, նրանք արծիվ չեն դառնա։ Եթե չկա տեղային կենտրոն կոչվածը՝ նորմալ բնակավայր՝ գոնե 5000 բնակչությամբ, իր ենթակառուցվածքներով, անիմաստ է խոշորացման գնալ, որովհետեւ բնակիչը դրանից բացարձակ ոչինչ չի ստանա։ Ինչպես ծառայություններ չէր ստանում առաջ, նույն ձեւով էլ չի ստանա հիմա, գուցե ավելի վատ լինի։ Ինչպես ասում են՝ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում։ 

- Նշածս հետազոտության մեջ նաեւ ասել եք, որ խոշորացման հետ պետք է հողային օրենսդրության փոփոխություններ լինեն՝ մասնավորապես համայնքների վարչական շրջաններից դուրս գտնվող հողերի եւ աճուրդների մասով։ Այս առումով փոփոխություններ եղե՞լ են։

- Բարդ հարց եք տալիս։ Երբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը՝ պետական արոտներ, անտառներ  եւ այլն, մտցվեցին համայնքների վարչական սահմաններ, այն ժամանակների համար բավականին շոշափելի լրացուցիչ ռեսուրս էր նրանց բյուջեի եկամտային մասով, բայց այդ հողերի արդյունավետ կառավարման խնդիրները բավականին խնդրահարույց են։

Եթե մարզպետներն առաջ հեռագնա արոտների համար պետք է մրցույթ հայտարարեին, եւ ցանկացած սահմանակից համայնք կարող էր մասնակցել, հիմա ստացվում է, որ այդ հողամասերը՝ խոշոր զանգվածները, հայտնվել են տարբեր համայնքների վարչական սահմաններում, եւ, բնականաբար, այստեղ բաց մրցույթներ անելը կարող է խնդրահարույց լինել հարեւան համայնքների բնակիչների կամ նույն համայնքի բնակիչների համար։ Դրա համար այդ հողերի նկատմամբ լիազորությունների խնդիրները դեռեւս վերջնականապես լուծված չեն։ Հողերի կառավարման հարցը բարձիթողի է։

Նույն արոտազանգվածը կարող է բաժանված լինել մի քանի կտորի եւ հայտնվել տարբեր համայնքների սահմաններում։ Համայնքներ կան, որ սահմանակից չեն այդ հողերին, այդ հողերը բաժանվել են միայն սահմանակից համայնքների մեջ, բայց անասուն պահում են նաեւ այն համայնքների բնակիչները, որոնք սահմանակից չեն հողերին։ Այլ լուծում չկար, պետք է, բնականաբար, սահմանակից համայնքների մեջ մտցվեին այդ հողերը, բայց այստեղ մեխանիզմը չլուծվեց, թե մնացած համայնքների բնակիչներն ինչպես են օգտվելու։

- Պարո՛ն Թովմասյան, երբ սահմանամերձ համայնքներն են խոշորացվում, վտանգ չկա՞, որ բնակիչները կձգտեն սահմանամերձ համայնքներից տեղափոխվել  համայնքային կենտրոններ։

- Այդ գործընթացը հիմա էլ կա։ Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության նվազման ամենացավալի դրսեւորումները հենց սահմանամերձ բնակավայրերում են։ Դա շատ ռիսկային է։ Սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ շատ յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի, պետության համար ոչ ստանդարտ քաղաքականություն՝ սկսած հարկային դաշտից, նույնիսկ արտոնությունների սահմանմամբ։ Հողի հարկ, գույքահարկ, ինչ-որ բաներ փորձել են անել վերջապես, բայց դա շատ քիչ է։ Համայնքների խոշորացումը միայն մի խնդիրն է։ 

Քաղաքացին ծառայություն պետք է ստանա։ Եթե համայնքի ղեկավարը այնտեղ վարչական ղեկավար նշանակի, գյուղացուն դա ի՞նչ պետք է․ այդ տեղեկանքը նա այսպես թե այնպես կարող է ստանալ։ Պետք է ծառայությունները  հասանելի եւ որակյալ լինեն գյուղերում, որպեսզի մարդը մնա, նրա համար տարբերություն չլինի՝ այստե՞ղ կապրի, թե՞ այնտեղ։

Եթե մենք այդ խնդիրը չենք լուծում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում մարդկանց պահելու առումով կարող ենք ճգնաժամային իրավիճակում հայտնվել․ ազգային անվտանգության խնդիր է դա։ Սյունիքի հարավը, Տավուշի հյուսիսը հիմա լուրջ խնդիրների առաջ են դեմոգրաֆիական առումով․ բնակչության խտությունը ահագին իջել է հատկապես Սյունիքում։  

- Հիմա ունե՞նք այն, ինչ ակնկալվում էր խոշորացման արդյունքում։

- Ես խոշորացմանը նույնիսկ տնտեսական արդյունավետության տեսանկյունից չեմ նայում, որովհետեւ դժվար է միանգամից գնահատական տալ արդյունավետությանը։  Ես նայում եմ երկրի տարածքային կազմակերպման, երկրի ողնաշարը կրող կառուցվածքն ամրացնելու եւ բոլոր բնակիչների համար ծառայությունները հասանելի դարձնելու տեսանկյունից։ Խոշորացումը պետք էր միանշանակ կապել բազմակենտրոնության գաղափարի հետ։ 

Աննորմալ է, որ մեր երկրի բնակչության 30-40%-ը մի բնակավայրում է ապրում՝ գումարած այն, որ Երեւանում՝ իր շրջակայքի ագլոմերացիայով, բնակչության խտությունը շատ ավելի մեծ է, քան, օրինակ, Ճապոնիայի կամ Հնդկաստանի բնակչության խտությունը։ Բայց մենք տեղեր ունենք, որտեղ բնակչության խտությունը 10 մարդուց պակաս է մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Մինչեւ մենք բազմակենտրոնության խնդիրը չլուծենք, մեր երկիրը տարածքային համաչափ զարգացման խնդիրը չի լուծի։ 

- Կա՞ բնակչության միջին թվաքանակ կամ համայնքում բնակավայրերի միջին թվաքանակ, որի դեպքում ծառայություններն ու ենթակառուցվածքներն ավելի հասանելի կլինեն բնակիչների համար։

- Մենք հետազոտել էինք դա․ իմ գործընկերը նայել էր, թե կախված բնակչության թվից՝ համայնքը ինչքան է կարողանում ծառայություններ մատուցել։ Բայց դա նայված էր զուտ տեղական ինքնակառավարման իրավասությունների շրջանակներում, իսկ մենք ծառայություններ ունենք, որոնք պետության իրավասության ներքո են՝ շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն եւ այլն։ 

Իմ բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ համայնքի կենտրոնում 5000 բնակչից պակաս չպետք է լինի։ Մյուս պայմանն այն է, որ համայնքային կենտրոնը պետք է ունենա ենթակառուցվածքներ։ Բոլոր բնակավայրերում մենք սպորտի դպրոց, ավագ դպրոց, երաժշտական դպրոց չենք կարող ունենալ, եւ հնարավոր է՝ շատ գյուղերի բնակիչներ կարող են օգտվել այդ ամենից՝ համայնքային կենտրոնից 30 րոպեանոց հասանելիության տիրույթում։ 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել