Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել
19:44 - 07 սեպտեմբերի, 2020

Ալեն Սիմոնյանը ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել

Այս տարվա հունիսի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նախորդ օրը ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողություններին, որի հետեւանքով առաջացած հրմշտոցի պատճառով տուժել էին լրագրողներ, վնասվել էր նրանց տեխնիկան։

Լրագրողի դիտարկմանը, որ փոխոստիկանապետի՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ներողությանը հաջորդել է ոստիկաններից մեկի ռեպլիկը՝ «սա դեռ մեր ամբողջ պոտենցիալը չէր», Սիմոնյանը պատասխանել էր.

«Չեմ լսել այդ ռեպլիկը, եթե լինեն օրինախախտումներ, ուժ կիրառելու պոտենցիալը օգտագործվելու է՝ ըստ անհրաժեշտության, անկախ նրանից, թե դա ում է վերաբերում: ՀՀ-ում օրենքը գործել է եւ գործելու է: էլ չեմ ասում, որ ոստիկանական զորքերի մեջ կան 20 հազարից ավելի աշխատակիցներ: Նույնիսկ մեկ ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի՝ առնվազն ազնիվ չէ»,- ասել էր Սիմոնյանը։

Ոստիկանության, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության թվաքանակի, ոստիկանության կողմից զենք-զինամթերքի գնումների վերաբերյալ ու մի շարք այլ տեղեկություններ, սակայն, ՀՀ ոստիկանության պետի՝ 2016 թվականի փետրվարի 29-ի թիվ 1-Ն որոշման համաձայն՝ դասվում են գաղտնի եւ հույժ գաղտնի տեղեկության շարքերին:

Ոստիկանությանն ուղղված մեր հարցին՝ ՀՀ ոստիկանության զորքերում առկա՞ են 20 հազարից ավելի աշխատակիցներ, թե՞ ոչ, պատասխանել են, որ ՀՀ ոստիկանության պետի 2016 թվականի փետրվարի 29-ի՝ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 4-րդ հավելվածի 4-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանելու մասին» թիվ 539-ՆԳ որոշման համաձայն՝ Ոստիկանության զորքերի թվաքանակը գաղտնի է եւ ենթակա չէ տրամադրման: 

Իրավական ակտի այն հատվածում, որին հղում է արել ոստիկանությունը, նշված է, որ տեղեկությունները, որոնք կարող են բացահայտել ոստիկանության զորքերի զորամասերի տեղաբաշխումը, նրանց իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը եւ թվաքանակը, համարվում են հույժ գաղտնի։ 

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածից տեղեկանում ենք․

«Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել:»։

«Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»: Ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկությունը եւս, ըստ էության պետական գաղտնիք է համարվում։

Մենք նաեւ գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու՝ արդյոք վերջինս որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիքի տիրապետո՞ւմ է, թե՞ ոչ, եւ մասնավորապես տիրապետո՞ւմ է ոստիկանության զորքերի թվին։

Ալեն Սիմոնյանն առաջին հարցին բացասական պատասխան է տվել, իսկ ոստիկանության զորքերի թվին հասանելիություն ունենալու մասին հարցին պատասխանել է այսպես․ «Իմ՝ որպես ԱԺ պատգամավորի՝ պետական գաղտնիքներին առնչվելու հասանելիության փաստը հրապարակման ենթակա չէ»։

Այժմ առանձնացնենք, թե ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ինչ հիշատակումներ կան պետական կամ ծառայողական գաղտնիքի մասին։

Այս օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ մասի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաեւ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։

17-րդ հոդվածում, որտեղ սահմանված է ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 21-ում, որտեղ սահմանված է քննիչ հանձնաժողովի գործունեությունը, նշված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում:

Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ հոդված 88-ում ասված է, որ բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ Կառավարության լիազորած անձինք:

Հոդված 122-ի 5-րդ մասում ասված է, որ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով: 

Infocom-ը ՀՀ ոստիկանությունից ճշտել էր նաեւ՝ ԱԺ պատգամավորն ի պաշտոնե հասանելիություն ունի՞ ոստիկանության զորքերի թվաքանակին, ինչին ի պատասխան՝ դարձյալ հղում են արել ԱԺ կանոնակարգին, որի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու։

Ոստիկանությունից լրացուցիչ նշել են նաեւ, որ նույն Օրենքի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու կառավարությանը, բանավոր հարցումներով դիմելու կառավարության անդամներին, հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց։

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, որն ի պաշտոնե կարող է տիրապետել պետական եւ ծառայողական գաղտնիքի, այդ թվում՝ ոստիկանության զորքերի թվաքանակին, իրավունք չուներ հրապարակել ոստիկանության զորքերի նույնիսկ մոտավոր թիվ, քանի որ մոտավոր թիվը, ըստ ոստիկանության, եւս համարվում է գաղտնի տեղեկություն։

Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակելու առչությամբ նյութեր չեն նախապատրաստվել եւ քրեական գործ չի հարուցվել։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել