tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք պետություններին խանգարում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ, գրում է ria.ru-ն։
Գուտերեշի խոսքով՝ նա լիովին աջակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հայտարարությանը, որի համաձայն՝ երկրները պետք է վերանայեն ընդլայնված պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որտեղ պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։
«Մարտի 26-ին «Մեծ քսանյակ»-ի պետություններին ուղղված իմ ելույթում ես նաև կոչ արեցի չեղարկել այն պատժամիջոցները, որոնք կարող են խանգարել պետություններին համավարակի դեմ պայքարելու հարցում»,- հավելել է նա:
Ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ և ուժեղ պատասխան հնարավոր է տալ միայն համերաշխության շնորհիվ՝ կոչ անելով միավորվել, մոռանալ քաղաքական խաղերի մասին և գիտակցել, որ մարդկության կյանքը վտանգված է։
«Մենք դանդաղորեն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, բայց պետք է արագացնենք մեր քայլերը և պետք է շատ ավելին անենք, եթե ցանկանում ենք հաղթել վիրուսին»,- հայտարարել էր նա։
comment.count (0)