Սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ․ ճանաչե՞լ, թե՞ ոչ․ Սուրեն Սահակյան
16:32 - 29 սեպտեմբերի, 2020

Սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ․ ճանաչե՞լ, թե՞ ոչ․ Սուրեն Սահակյան

Ի տարբերություն նախկինում գրանցված հայ-ադրբեջանական մյուս բախումների՝ այս դեպքում միջազգային հանրությունը չի շտապում դիրքորոշում հայտնել կամ ձեռնամուխ լինել հետագա էսկալացիան կանխելու հստակ գործողություններով։ Տարօրինակ տպավորություն է ստեղծվում, թե միջազգային հանրությունն ինչ-որ բանի է սպասում։ Կհամարձակվեմ բարձրաձայնել այս հարցով տվյալ պահին ձևավորված դեռևս միակ վարկածը։ Ըստ այդ վարկածի՝ նրանք սպասում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և/կամ Հայաստանի Հանրապետությանը միացման ակտին։ Փորձեմ հիմնավորել այս վարկածը։

Իհարկե, ուժային կենտրոններից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից, գերտերություններից յուրաքանչյուրն ի՛ր հաշվարկը կարող է ունենալ այս դեպքում։ Ո՞րը կարող է լինել, օրինակ, ԱՄՆ շահը։ Գաղտնիք չեն ո՛չ Իրանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ ԱՄՆ ունեցած կոնֆլիկտները և լարված հարաբերությունները։ Այս դեպքում ԱՄՆ-ի համար լավագույն լուծումը կլինի երկու հակառակորդներին կոնֆլիկտի մեջ ներքաշելով հնարավորինս թուլացնել նրանց։

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանչելուց հետո Թուրքիայի ներգրավվածությունը կոնֆլիկտին։ Իհարկե այո։ Որքա՞ն է հավանականությունը, որ Իրանը թույլ կտա իր քթի տակ Թուրքիայի նման հզորացումը։ Կարծում եմ՝ Իրանը ստիպված կլինի օգնել Հայաստանին՝ ներքաշվելով կոնֆլիկտի մեջ։

Իսկ ո՞րը կլինի, օրինակ, Ռուսաստանի շահն այս պարագայում։ Տավուշում Ադրբեջանի ու Հայաստանի միջև առաջացած բախումը Ադրբեջանին մղեց Թուրքիայի գիրկը։ Ըստ նրանց՝ այդ բախման և Ադրբեջանի խայտառակ պարտության հարցում Հայաստանի հովանավորը Ռուսաստանն էր։ Ալիևը կոնֆլիկտից հետո բազմիցս բարձրացրել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրած հազարավոր տոննաների հասնող սպառազինության մասին։ Ըստ էության, Ռուսաստանի համար Հայաստանի կարևորագույն դերը ադրբեջանա-թուրքական այդ տանդեմին դիմակայելու մեջ է։ Ռուսաստանին ձեռնտու կլիներ հրահրել կոնֆլիկտ ու կամ հայերի ձեռքով կամ նույնիսկ սեփական ռազմական ներկայությամբ թուլացնել ադրբեջանա-թուրքական տանդեմը։ Ռուսաստանը նախկինում էլ փորձում էր Ադրբեջանն իր վերահսկողության տակ առնել՝ զինելով նրան և այդ առումով նրան դնելով ուղիղ կախվածության մեջ։ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի միջոցով կարող էր կանխել, այլ նաև տանդեմից մեկի վրա վերահսկողություն սահմանելով։ Արցախի չհանգուցալուծված կոնֆլիկտը քթի տակ ունենալով և սպառազինության առումով՝ Ռուսաստանից տոտալ կախվածությունը Ադրբեջանին մանևրելու մեծ տեղ չէր տա։ Բայց հուլիսյան դեպքերը, հավանաբար, Ադրբեջանին հերթական անգամ համոզել են, որ ռուսները ամենալավ դաշնակիցները չեն, և ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրեց Թուրքիայի կողմից զինվելը․ «Բայրաքթարներն» ու  թուրքական F-16 ինքնաթիռները դրա վառ վկայությունն են։ Նրանց ռազմական համագործակցությունը կշարունակվի։ Այսպես Ադրբեջանը փորձ է անում դուրս գալ ռուսական վերահսկողությունից։ Պատերազմական գործողություններից մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում ակնարկում էր «Լավրովյան պլան»-ի իրագործման մասին, որի բաղադրիչ մաս է նաև ԼՂԻՄ շուրջ ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին։ Կարգավորման այս տարբերակը նաև ենթադրում է խաղաղապահ զորքի առկայություն և եթե այդ զորքը ռուսական լինի (ինչը ենթադրվում է), ապա Ռուսաստանի ավելի ազդեցիկ ներկայությունը տարածաշրջանում։ Գաղտնիք չէ նաև, որ 94 թվականին նրա առաջին այդպիսի փորձը տապալվել է։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման և/կամ միավորման դեպքում կենացներն ավելի են քաղցրանում։ Եթե այդ ակտից հետո Թուրքիան ներքաշվի կոնֆլիկտի մեջ, ապա Հայաստանին շատ դժվար կլինի տարբեր կողմերից հարձակմանը դիմակայել առանց ռուսական սպառազինությունների կանոնավոր մատակարարումների։ Եվ այստեղ Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։ Թերևս սրա մասին էր նաև ակնարկում Մարգարիտա Սիմոնյանը՝ հայհոյանքների արժանացած իր գրառումներով։ Երկու դեպքում էլ Ռուսաստանը կարող է շահած դուրս գալ և «ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել»։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանը դժվար կհամակերպվի իր քթի տակ ո՛չ միայն թուրքական, այլ նաև ռուսական ներկայության հետ։

Իսկ ի՞նչ վիճակում է այս հարցում Թուրքիան։ Թուրքիան, զրկվելով սառը պատերազմի ժամանակ իրեն վերապահված ԽՍՀՄ-ի դեմ ՆԱՏՕ-ի առաջամարտիկը լինելու դերից և դրանով պայմանավորված ռազմական ու տնտեսական առումով հզորացման լայն հնարվորություններից, տվայտվում է՝ աշխարհում նոր դեր ստանձնելու հարցով։ Նրան մեկ Սիրիա գործուղեցին, մեկ՝ Լիբիա։ Երկու դեպքում էլ նրան դիմակայեց Ռուսաստանը, և բավականին թուլացրեցին Թուրքիային՝ առերեսելով անխուսափելի  տնտեսական ճգնաժամի հետ։ Նրա դեմ փորձեցին քրդական պետություն ստեղծել, ինչն այնքան էլ չհաջողվեց։ Եկել է հերթը Թուրքիան բզկտելու, թուլացնելու, նրանից կորզումներ պոկելու հարցում վաղեմի թշնամիներ Հունաստանի ու Հայաստանի գործոնները ակտիվացնելու ժամանակը, և դա, կարծես, ստացվում է երկու դեպքում էլ։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Թուրքիային Հայաստանի վրա հարձակվելուց զսպող միակ գործոնը ռուսական ներկայությունն է տարածաշրջանում ու, մասնավորապես, Հայաստանում։ Կա նաև զորքերի թիկունքում քրդական գործոնը ունենալու փաստըն ու Իրանի պետական շահերը։ Կգնա՞ արդյոք Թուրքիան այդ քայլին։ Դա ցույց կտա ժամանակը։ Սակայն Արցախի և Հայաստանի միավորման գործընթացը, կարծես, այլ ելք չի թողնի Թուրքիային։

Մյուս պետությունների դեպքում Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն ու իրեն միացնելը արցախյան կոնֆլիկտի նոր շրջափուլ մտնելու հզոր ազդակ կդառնա։ Ի վերջո հարցը կլուծվի կամ այս կողմ, կամ այն՝ հետաձգելով տարածաշրջանային մեծ ու անխուսափելի պատերազմի ժամանակը։ Բացի դա, ոչ ոք կարծես դեմ չի լինի չարաճճի և ամեն առիթով Եվրոպային ու աշխարհին սպառնացող Թուրքիայի թուլացմանը։

Իսկ ի՞նչ կփոխվի, եթե Հայաստանը չգնա տարածաշրջանային նման կոնֆլիկտ հրահրելու ճանապարհով և հետևողականորեն չճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և/կամ չփորձի իրեն միացնել ԱՀ-ն։ Կարծում եմ՝ գործնականում ոչինչ էլ չի փոխվի։ Ճիշտ է, Հայաստանի և Արցախի միացումը ֆորմալ լավ առիթ է Հայաստանին ագրեսոր ճանաչելու և նրա տարածքում էլ պատերազմ վարելու համար, բայց այդ առիթը հանգիստ կարելի է ստեղծել նաև Նախիջևանի ուղղությամբ որևէ սադրանք իրականացնելու միջոցով։ Հայաստանին կարող են մղել միավորման, երբ հայտնի դարձվածքի նման կլինի՝ «եթե մեռնել կա, ապա էլ ի՞նչ խռխռացնել»։ Եթե միջազգային հանրությունը պատրաստ է և մեծ հետաքրքրություն ունի մեր փոքր տարածաշրջանը պատերազմի թատերաբեմ դարձնել, ապա դրա դիմաց դժվար է որևէ բան ձեռնարկել։ Այլընտրանք կարող էր լինել, որ կոնֆլիկտի կողմերը շահագրգռված չլինեին պատերազմով և հարաբերությունները կարգավորելու համար նստեին բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց Ադրբեջանը, առավել ևս Թուրքիան, կարծես ոչ մի կերպ պատրաստ չեն դրան։ Ալիևի համար դա կարող է իր վերջի սկիզբը դառնալ, իսկ Թուրքիայի համար դա ուղղակի պատերազմի թատերաբեմի ընտրության հարց է։ Եթե թատերաբեմը Հայաստանը չլինի, կլինի Հունաստանը կամ մի այլ երկիր։ Այս առումով Հայաստանը նրա համար իդեալական տարբերակ է։

Եվ, այնուամենայնիվ, ճանաչե՞լ Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և/կամ փորձ անել Հայաստանի հետ միավորվելու։ Այս որոշումը բարդ է, սակայն պետք չէ վախենալ որոշում կայացնելուց։ Ըստ էության, դա ինքնորոշման հերթական ակտ է լինելու, որի հետևանքները պետք է մանրամասն հաշվարկված լինեն։ Հայաստանն ընդամենը կմտնի մի անխուսափելի գործընթացի մեջ, որը թերևս մեկ դարով խաղաղություն կբերի տարածաշրջանին։ Սակայն այս կռվում մեզ հաղթել է պետք։

Թեև ՀՀ և ԱՀ միավորման որոշումն ընկած է Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում, այդ որոշման վրա է հենված, այսպես կոչված, Հայաստանի երրորդ հանրապետությունը, այդպիսի որոշումը պետք է լինի էմոցիաներից զուրկ կոնկրետ հաշվարկի արդյունք։ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը (առանց միավորման) կարող է լայն հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Նախ, դա կզրկի Հայաստանին ագրեսոր ճանաչելու և, դրանով հիմնավորված, արդեն ֆորմալ առումով երկու ճակատով պատերազմ սկսելու հենց Հայաստանի հետ։ Հետո, միջազգային հանրությունը փաստի առաջ կկանգնի՝ առերեսվելով նոր իրողության հետ և պետք է ստիպված լինի ընտրություն կատարել կողմերի միջև։ Ի վերջո, պարզություն կմտնի հարցի մեջ և չեն լինի տասնամյակներ շարունակվող լղոզումները։ Հայաստանը պետք է հաշվարկի, թե այդ հարցում ով կլինեն իր դաշնակիցները և որքան են նրանք վստահելի ու հուսալի։

Մի կողմից ակնհայտ է, որ գերտերություններն իրենց խնդիրները լուծելով և Թուրքիայից իրենց ուզածը կորզելով՝ կանգնեցնելու են պատերազմը և նրանց առանձապես կարող են չհուզել Հայաստանի այդ պահին հնարավոր տարածքային և այլ կորուստները կամ ձեռբերումները։ Բայց, մյուս կողմից, եթե Թուքիան միևնույն է՝ բզկտվելու է, ապա Հայաստանը կարող է դրա շահառու լինել, վերադարձնել պատմական տարածքներն ու վերականգնել պատմական արդարությունը։

Հայաստանը, ըստ այս վարկածի, լուրջ ընտրության առաջ է կանգնած և առաջիկա որոշումներից է կախված լինելու մեր առաջիկա տարիների կյանքը։ Պետք է արձանագրել, որ ընթացող պրոցեսներն աշխարհը և նրա քաղաքական քարտեզը վերաձևելու մասն են կազմում, և սա պատահաբար ծագած կոնֆլիկտ չէ։

Սուրեն Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել