Քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը․ ԿԽՄԿ-ի հայտարարությունը
17:19 - 02 հոկտեմբերի, 2020

Քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը․ ԿԽՄԿ-ի հայտարարությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել Արցախում իրավիճակի մասին՝ նշելով, որ «շփման գծի երկու կողմում և Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին»։

Նշվում է, որ մարտական գործողությունների ուժգնացումից ի վեր՝ ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին և դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։

«Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական և մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտարական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», - ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

Տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը նշել է, որ մարդիկ կապ են պահպանում իրենց հետ՝ «ահաբեկված սեփական կյանքին ու իրենց ընտանիքներին սպառնացող վտանգներից ու շփոթված՝ չիմանալով՝ ինչ անել ապահով մնալու համար»։

«Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր նրանց, ովքեր զգում են այս բռնության էսկալացիայի ազդեցությունը։ Կոչ ենք անում կողմերին՝ խնայելու քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական ենթակառուցվածքներն ու ծառայությունները և հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները»,- ասել է Շյուպը։

ԿԽՄԿ-ն հիշեցրել է նաև, որ իրավիճակը կարող է հանգեցնել նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել