Ձերբակալվել են նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն
19:26 - 12 նոյեմբերի, 2020

Ձերբակալվել են նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները․ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր ժամը 16:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած հավաքը: Տեղի ունեցած ելույթներից հետո ոստիկանության և ԱԺ բևեռի անդամների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ավելորդ կրքեր չբորբոքելու նպատակով, նախապես հայտարարված երթը չեղարկել և մեկ ամփոփիչ ելույթից հետո ավարտել հավաքը:

Սակայն, երբ Վարուժան Ավետիսյանն իր ամփոփիչ խոսում ժողովրդին իրազեկում էր եթը չեղարկելու մասին՝ հանկարծ ոստիկանության դիմակավորված խմբերը կայծակնային արագությամբ գրոհեցին Ազատության հրապարակը լքել պատրաստվող ժողովրդի ուղղությամբ՝ բռնի ուժով բերման ենթարկելով հավաքի գրեթե բոլոր մասնակիցներին, այդ թվում և կանանց:

Ձերբակալվեցին նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը:

Մեր տեղեկություններով նախաձեռնող խմբի անդամներն այս պահին գտնվում են ԱԱԾ-ում: Իսկ մյուս բերման ենթարկվածները Երևանի ոստիկանական տարբեր բաժանմունքներում և քննչական բաժիններում:

Վերջիններիս հետ փաստաբաններին հանդիպել առայժմ չի հաջողվել և նրանք շուրջ երկու ժամ է զրկված են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից:
Իշխանություններից պահանջում ենք դադարեցնել բռնություններն ու ռեպրեսիվ մեթոդները և շտապ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել